Կբարձրացվեն այլ հարկատեսակների դրույքաչափեր, կթանկանան նաև բենզինն ու բնական գազը
168.am-ը գրում է․ Միջազգային ֆինանսական կազմակերպությունները միշտ էլ հետաքրքրված են եղել, որպեսզի Հայաստանում ավելի շատ հարկեր հավաքվեն։ Այդ հետաքրքրություններն անշուշտ պատահական չեն, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը միլիարդավոր դոլարների պարտքեր ունի միջազգային ֆինանսական կազմակերպություններին, ու դրանք պետք է վերադարձվեն։
Պարտքերը մեծ արագությամբ ավելացել են հատկապես վերջին մի քանի տարիներին։ Կառավարության մասով պարտքը գրեթե կրկնապատկվել է։ Քանի որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները շատ առատաձեռն են եղել երիտհեղափոխականների իշխանության նկատմամբ, ամեն կերպ հովանավորել ու մեծ քանակությամբ վարկեր են տվել, թույլ են տվել պարտքերն ավելացնել, եկել է նաև այդ պարտքերը վերադարձնելու ժամանակը։
Արդեն հաջորդ տարի կառավարության պարտքերի միայն տոկոսների վճարումը կհասնի 1 մլրդ դոլարի, որը չափազանց լուրջ բեռ է պետական բյուջեի համար։
Բյուջեի եկամուտների գրեթե 14 տոկոսն ուղղվելու է միայն պարտքի տոկոսների մարմանը։
Առաջիկա տարիներին այդ բեռն ավելի կմեծանա ու այն սպասարկելու համար միջոցներ են հարկավոր։
Բայց քանի որ իրական տնտեսության զարգացումը շատ թույլ է, կառավարությունը ոչինչ չի արել տնտեսության հարկունակությունը բարձրացնելու ու կարողություններն ընդլայնելու համար, բյուջեի եկամուտներն ավելացնելու հիմնական միջոցը մնացել է հարկային բեռի բարձրացումը։ Մի բան, ինչը վերջին շրջանում հաճույքով անում է կառավարությունը, ըստ էության ուղղորդվելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների «բարեկամական» խորհուրդներով։
Համաշխարհային բանկն օրերս մի զեկույց է հրապարակել Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության տարբեր բաղադրիչների արդյունավետության ու օպտիմալության վերաբերյալ, որով առաջարկում կամ հորդորում է ընդլայնել ընդհանուր հարկային ռեժիմը։ Նպատակն այն է, որ ավելի մեծ թվով բիզնեսներ հարկվեն համանման կերպով։
Չնայած համանման հարկումը տարբեր կերպ կարելի է ընկալել՝ Համաշխարհային բանկը նախապատվությունը տվել է հարկային բեռի ծանրացմանը, ուստի առաջարկում է նեղացնել շրջանառության հարկի ռեժիմի դաշտում գործող բիզնեսի շրջանակը և վերացնել առանձին ոլորտներին տրվող արտոնությունները։ Այն, ինչ վերջին շրջանում ջանասիրաբար անում է կառավարությունը՝ կրճատելով շրջանառության հարկի ծածկույթը։
Տնտեսական գործունեության որոշ ոլորտներ հաջորդ տարի արդեն դուրս կբերվեն շրջանառության հարկի դաշտից ու կմտցնեն անգամներով ավելի ծանր՝ հարկման համընդհանուր համակարգ, որտեղ վերջիններս ստիպված կլինեն շրջանառության հարկի փոխարեն՝ վճարել ԱԱՀ ու շահութահարկ։
Պատրաստվում են ընդհանրապես հրաժարվել շրջանառության հարկից։ Բայց քանի որ վախեցել են միանգամից դա անել՝ մտավախություն ունենալով հասարակական հնարավոր ընդվզումներից, առայժմ բավարարվել են շրջանառության հարկի բեռի կրկնապատկմամբ։
Ինչպես հայտնի է, հաջորդ տարվա հունվարի 1-ից առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող բիզնեսը նախկին 5-ի փոխարեն՝ կվճարի 10 տոկոս, հանրային սննդի ոլորտում գործողները՝ 6-ի փոխարեն՝ 12 տոկոս, իսկ արտադրական գործունեություն իրականացնողները՝ 3,5-ի փոխարեն՝ 7 տոկոս։
Հաջորդ քայլով՝ հետևելով համաշխարհային բանկի խորհուրդներին, կրկին կբարձրացնեն շրջանառության հարկի բեռը կամ այդ դաշտում գործող բիզնեսը միանգամից կտեղափոխեն համընդհանուր հարկման դաշտ՝ դնելով ԱԱՀ և շահութահարկի բեռի տակ։
Թե դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ շրջանառության հարկի դաշտում գործող գերազանցապես մանր ու միջին բիզնեսի վրա՝ դատելով այս ամենից, ինչպես կառավարությանը, այնպես էլ Համաշխարհային բանկին քիչ են հետաքրքրում։ Նպատակը մեկն է՝ ամեն գնով ավելացնել տնտեսությունից գանձվող հարկերը և հասնել համախառն ներքին արդյունքի մեջ հարկերի այն թիրախին, որը դրված է կառավարության ծրագրում։
Բայց դրա համար չեն պատրաստվում բավարարվել միայն շրջանառության հարկի ծածկույթը կրճատելով, այս դաշտում գործողներին հարկային ընդհանուր համակարգ ու անհամեմատ ծանր բեռի տակ մտցնելով։ Համաշխարհային բանկը «բարեկամաբար» խորհուրդ է տալիս բարձրացնել նաև գազի ու նավթամթերքների ներմուծման ակցիզային հարկը՝ իբրև թե առողջության, կլիմայի և շրջակա միջավայրի վրա ածխաջրածնի օգտագործման ազդեցությունը թուլացնելու համար։
«Ցածր ածխածնային տնտեսություն դառնալու իր նպատակին հասնելու համար Հայաստանը կարող է ածխածնի հստակ (ուղղակի) գին սահմանել՝ վերին օղակում հարկի միջոցով (օրինակ` գանձելով դա Հայաստան բնական գազ և նավթամթերք ներկրողների համար), և բարձրացնել հանածո վառելիքի գործող ակցիզային հարկը»,-ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում։
Գազի և նավթամթերքների ներմուծումն այսօր էլ հարկվում է ակցիզային հարկով, ու այն պակաս բարձր չէ, որքան էլ ՀԲ փորձագետները կարծում են, թե դրանք տարածաշրջանային չափանիշներից ցածր են։ Վերջին տարիներին նավթամթերքների՝ բենզինի, դիզելային վառելիքի ու հեղուկ գազի ներմուծման հարկային բեռն, առանց այդ էլ՝ անընդմեջ ավելացվել է, ինչի հետևանքով էլ բարձրացել են նաև այդ ապրանքների իրացման գները՝ մեծացնելով ճնշումը սպառողների վրա։
Սրանով փաստորեն Համաշխարհային բանկն առաջարկում է էլ ավելի բարձրացնել ու սպառողի հաշվին ավելացնել բյուջեի եկամուտները։
Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, իշխանությունները ճիշտ այդպես էլ կանեն՝ կբարձրացնեն ներմուծվող նավթամթերքների, չի բացառվում՝ նաև բնապահպանական հարկերը։ Ու դրա համար այս փուլում Համաշխարհային բանկը բավարար հիմքեր է պատրաստվում ստեղծել։
Բյուջեի հարկային եկամուտներն ավելացնելու ձգտումներն անշուշտ ողջունելի են։ Բայց երբ դա արվում է տնտեսության, առավել ևս՝ տնտեսության ամենաթույլ հատվածի ու սպառողների վրա հարկային ճնշումներն անհամաչափ ավելացնելու միջոցով, երբեք լավ բանի չի բերելու, ինչ նպատակով էլ դա անեն։