Կադաստրի կոմիտեն ուղղում է սեփական սխալները․ պետության վրիպումների համար քաղաքացիները տուգանք չեն վճարի
Կադաստրի կոմիտում նկատել են սեփական աշխատանքի թերություններն ու որոշել են շտկել դրանք։ Սա անելու հնարավորության համար Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացրել գործող օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը ու մանրամասնել՝ ինչ է տեղի ունեցել․
«2012 թվականից սկսած Կադաստրի կոմիտեում տեղեկատվական բազայի թվայնացման հետևանքով բազա են մուտքագրվել գույքերի վերաբերյալ բազմաթիվ տեղեկատվություններ, որոնց հիման վրա սկսվել էր հաշվարկվել գույքահարկը: 21 թվականից սկսեցինք բացահայտել բազմաթիվ թերություններ տվյալների բազայում, որոնց հիման վրա, ըստ էության, քաղաքացիներին առաջադրվել էր պակաս գույքահարկ, որոշ դեպքերում՝ ավել գույքահարկ: Այդ պակաս գույքահարկի առաջադրման արդյունքում մեր քաղաքացիների վրա հաշվարկվել էր համապատասխան տույժեր և տուգանքներ՝ պակաս վճարած գումարի մասով: Բազաների ճշտումների հետևանքով պարզվում էր, որ պակաս է մարվում գույքահարկը և պետք է հավելյալ գույքահարկի վճարումներ տեղի ունենան, քաղաքացիների վրա հաշվարկվում էր հավելյալ տույժեր- տուգանքները չվճարած գումարների մասով»։
Ստացվում է՝ քաղաքացուց պահանջվել է վճարել կոնկրետ չափի գույքահարկ, և նա վճարել է ճիշտ այդքան։ Բայց պիտի տուգանվի այն պատճառով, որ չի վճարել մի գումար, որն իրենից չեն էլ պահանջել։ Նախագիծը փորձում է շտկել այս վրիպակը։ Խոսքը միայն տուգանքների վերացման մասին է․ պակաս գումարի վճարումը քաղաքացուց, ամեն դեպքում, կպահանջվի։
ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հստակեցնում է՝ որոշ դեպքերում քաղաքացիները ճշտված տվյալների համամետ ոչ թե պակաս, այլ ավել են վճարել։ Այս դեպքում ևս ավել վճարված գումարը կփոխհատուցվի․
«Եթե վերահաշվարկի արդյունքում պարզվի, որ, օրինակ, քաղաքացին գույքահարկը վճարել է իր գույքից ավելին, վերահաշվարկը գործելու է հակառակ ուղղությամբ, այսինքն՝ թղթերը ներկայացվելու են համայանքապետարաններ և ազդելու է հաջորդ տարիներից գանձվելիք հարկի վրա և հակառակը՝ եթե գույքահարկը քիչ է վճարել, առանց տույժ-տուգանքների պետք է էդ գույքահարկը ամբողջությամբ վճարվի»։
Խորհրդարանական ընդդիմությունը չի հասկանում՝ ինչու է այս նախաձեռնությունը որպես իրավիճակի բարելավում ներկայացվում։ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանն առաջարկը համարում է կիսալուծում․
«Քննարկվող նախագիծը որոշակի խնդիրներ լուծում է, բայց այդքան էլ ճիշտ չէ դրան բարեգործություն կամ բարելավող նորմ ասելը, որովհետև պետությունը սխալվել է, սխալ գույքահարկ է հաշվարկել, քաղաքացին կատարել է այդ պարտավորությունը, հետո պետությունը հետ է վերադառնում, ասում՝ վայ, գիտեք սխալ ենք հաշվարկել, ձեր գույքահարկը 35 անգամ ավելի պիտի լիներ։ Այն ժամանակվանից, երբ ինքն իմացավ, որ իր գույքահարկի գումարն էսքանն է, էդ պահից սկսած կհաշվարկի կվճարի էն չափով, ինչ չափով տեղեկացրել եք»։
Պատգամավոր Արման Ղազարյանն էլ առաջարկում է ընտրել ավելի ազնիվ ձևակերպումներ ու ասել, որ գույքահարկը թանկանում է։ Հակադարձում է Նարեկ Ղահրամանյանը․
«Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ, որ կիսատ-պռատ եք կարդում օրենքի նախագիծը, բայց դա չի նշանակում, որ պիտի գաք հասնեք այստեղ, ապատեղեկատվություն տարածեք։ Խնդիրն այն է, որ եթե այս օրենքի նախագիծը հիմա չընդունենք, տույժերն ու տուգանքները ևս հաշվարկվելու է, էս մեկ։ Երկրորդը՝ գոնե ինձ հանդիպած դեպքերի կեսից ավելին հակառակ հաշվարկ է կատարվելու, այսինքն՝ մարդիկ ավել գույքահարկ են վճարել։ Այնպես չի, որ միշտ պակաս են վճարել հիմա ավել պիտի վճարեն։ Էդ իրենց ավել վճարածը հաշվարկվելու է հաջորդ տարի եկած գույքահարկի վրա։ Ինչի՞ց եք ենթադրում, որ պիտի պարտադիր գույքահարկը ավելանա»։
Քանի՞ քաղաքացի է, թեկուզ առանց տուգանքների, ավել վճարելու պարտավորություն ունենալու և քանիսի դեպքում է հետ վերադարձվելու նախորդիվ ավել վճարված գումարը․ այս հարցի թվային պատասխանը չի ներկայացվում։ Կադաստրի կոմիտեի նախագահը բացատրում է, թե ինչու է առաջացել այս շփոթը․
«Տույժերի զրոյացման խնդիրը տարածվում են 2021-ից սկսած գույքարակի բազաների վրա: Իսկ ինչո՞ւ 21 թվից․ քանի որ համապատասխանաբար տվյալների ինտեգրացիան համայնքների էլեկտրոնային համակարգերի հետ ներդրվել է 21-ից, դրա համար ֆիքսում ենք այս թվականը: Իսկ օրենքի ընդունումից հետո ֆիքսում ենք անցումային դրույթ, ըստ որի, համատասխանաբար վերահաշվարկներ պետք է կատարվեն գույքահարկի բազաներում թույլ տված սխալների հետևանքով հաշվարկված չվճարված գույքահարկի կամ ավելի վճարած գույքահարկի մասով»։
Բազաների վերանայումը թույլ է տվել հասկանալ, որ երբեմն գույքը փաստաթղթերում իրականության համեմատ ավելի մեծ կամ ավելի փոքր է ներկայացված։ Այսպես պարզ է դարձել, որ գույքի համար պետք է գանձվեր ավել կամ պակաս հարկ։
Ամբողջական թվայնացման պարագայում հնարավոր կլինի խուսափել նման խնդիրներից՝ կարծում է պատգամավոր Արմեն Խաչատրյանը․
— Ուզում եմ իմանալ, թե թվայնացման պրոցեսը Կադաստրի կոմիտում ու՞ր է հասել, ի՞նչ փուլում ենք, ի՞նչ չափով են մեր տվյալները թվայնացվել։ Կարծում եմ, որ բոլոր խնդիրները, որոնք այսօր ծագել են, մեծամասամբ թվայնացման բացակայության հետևանք են։
— 2020-ից փորձել ենք կադաստրային քարտեզները հավաքել մի տեղում, քանի որ մինչ այդ յուրաքանչյուր քարտեզ առանձին էր պահվում, որն իր հերթին բազմաթիվ խնդիրներ էր ստեղծում համադրման մասով։ Հավաքագրելուց հետո տեսանք, որ առկա են բազմաթիվ համայնքներ, որտեղ միևնույն գույքը և՛ այն համայնքում է գծագրված, և՛ մյուսում։ 2021-ին կառավարությունն ընդունեց կադաստրային քարտեզներում տեղ գտած սխալների ուղղման կարգը։ Ընդունումից հետո շուրջ 50% տարածքը կադաստրային քարտեզների արդեն ուղղված է։
Արդեն եղած փաստաթղթերի թվայնացմանը զուգահեռ Կադաստրի կոմիտում փորձում են մեծացնել նոր գործընթացները էլեկտրոնային հարթակներում կազմակերպելու ջանքերը։ 2024 թվականի ամփոփ տվյալներով Կադաստրի կոմիտե ուղղված շուրջ 950 000 ընդհանրական դիմումներից մոտավորապես 43-44 տոկոսն արդեն ուղղված է եղել էլեկտրոնային համակարգերի միջոցով։ 2019 թվականի ավարտի տվյալներով այդ թիվը եղել է ընդամնեը 1.9 տոկոս ընդհանուր դիմումների մեջ։