ՌԴ դեսպանն Արծրուն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունների համար դիմել է ՊՆ-ին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն Արծրուն Հովհաննիսյանի` Ստալինգրադի ճակատամարտի նշանակության մասին սկանդալային հայտարարություններից հետո նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Դեսպանը նախ շնորհավորել է Պապիկյանին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, ապա անդրադարձել Արծրուն Հովհաննիսյանին։
«Հայ ժողովրդի կողմից Հաղթանակի օրվա հանդեպ խոր հարգանքի ֆոնին լայն տարածում են գտել ՀՀ ՊՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի պատմական կեղծ և հայհոյախառն հայտարարությունները, որոնք, փաստացի, արդարացրել են նրա կողմից երկրի գլխավոր հեռուստաալիքով այդ սուրբ օրը հնչեցրած ֆաշիստական Գերմանիայի ագրեսիան։ Հատկապես ցավալի էր նման հայտարարություններ լսել մի մարդու շուրթերից, ով այժմ ղեկավարում է ՀՀ ՊՆ Ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է Հայրենական մեծ պատերազմի անվանի հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանի անունը։
Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ, որոնք կանխեցին ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու և ոչնչացնելու Հիտլերի ծրագրերը, ինչպես նաև փրկեցին մարդկությանը «շագանակագույն ժանտախտից»»,- ասվում է դեսպան Կոպիրկինի նամակում։
Հիշեցնենք,
Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր. «Մեզ համար ամենածանր միֆերից մեկը դա Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից։
Թուրքիան Գերմանիայի հետ ուներ չեզոքության որոշակի պայմանագիր և որոշակի նյութեր էր մատակարարում։ Բայց հարցն այն է, որ Թուրքիան այդ ժամանակ որևէ էական ուժ չուներ հարձակվելու Կովկասում՝ նոր ճակատ բացելու, դա միֆ է։ Կան արխիվային փաստաթղթեր։ Դրան հակառակ Գերմանիան ուներ ծրագիր՝ մշակված, հստակ ծրագիր էր։ Եվ այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայից որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր, այդ թվում նաև՝ անկախ Հայաստանից արդեն նաև հայկական լեգեոները, որի մասին գիտեք՝ Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան, այդ ուղղությամբ աշխատում էին գերմանացիների հետ, որպեսզի ռազմագերիության կարգավիճակ ունեցող հայերից ձևավորեն հայկական լեգեոն և որոշակի ձևավորված հայկական լեգեոներ կային, որոնք ոչ մի լուրջ էական գործողություն չեն արել իրական մարտական դաշտերում։ Բայց եթե նման բան լիներ, պիտի և ՛ Հայաստանից, և ՛ Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին, գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը ենթադրում էր նաև միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»։