Իշխանությունը հատեց ևս մեկ կարմիր գիծ՝ քրեական հետապնդում հարուցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ և խափանման միջոց ընտրելով երկրից բացակայելու արգելքը։ Այս մասին ասված է Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարության մեջ: «Ամեն մի կարմիր գիծ հատելով՝ այս իշխանությունը հարվածում է մեր պետությանն ու մեր ապագային։ Այս ամենը սկսվեց բանակը «մաքրելու» թեզից․ թուլացնելով ու քայքայելով բանակը՝ հնարավորություն տվեց հակառակորդին հարձակվելու։ Հետո եկավ դատարանները «մաքրելու» թեզը․ քայքայեց դատական համակարգը, տարիների ընթացքում դատարանների քիչ թե շատ ձեռք բերած անկախությունն ու օրենքով առաջնորդվելու առաքելությունը։ Այժմ «մաքրում» է եկեղեցին՝ հեռանկարում ցանկանալով քայքայել մեր ժողովրդի հոգևոր, 1700-ամյա ձողը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Հաջորդ կարմիր գիծը, որը հատելու է այս իշխանությունը, լինելու է յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու ընտանիքը։ Այստեղ էլ է ցանկանալու «մաքրություն» մտցնել՝ վերջնականապես քայքայելով հայ ժողովրդին ու մեր պետությունը։ Ինչքա՞ն կարող ենք հանդուժել»,-ասված է հայտարարության մեջ:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն