Իրավապահները պաշտպանում են ադրբեջանցիների ոչ թե Շուռնուխի բնակիչների շահերը.փաստաբան
Իրավապահներն ամեն կերպ չեն ցանկանում քրեական գործ հարուցել Ադրբեջանցի զինվորականների կողմից Սյունիքի մարզի Շուռնուխ, Դավիթ Բեկ, Որոտան գյուղերի բնակիչների տները խլելու, նրանց նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու փաստի առթիվ, լսել շուռնուխցիներին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020թ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են հանձնվել մի շարք բնակավայրեր, իսկ հայ-ադրբեջանական սահմանը գծվում է «GPS»-ով։ Սահմանազատման աշխատանքների պատճառով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել նաև Սյունիքի մարզի Շուռնուխի տներից մի քանիսը, Կապանի ավտոճանապարհի մի մասը և մի շարք այլ վայրեր։ Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից ոտնձգությունների մասին ահազանգել են նաև համայնքների ղեկավարները։ Փաստաբաններ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ նշելով, որ ադրբեջանցիների գործողություններում առկա են նախ առնվազն ավազակային հարձակման հատկանիշներ, սակայն վարույթն իրականացնող մարմինը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել՝ նշելով, որ դա ՀՀ իրավապահների ենթակայության ներքո չէ: Փաստաբանները սույն որոշման դեմ բողոք են ներկայացրել դատարան, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից բավարարվել է:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատախազությունը դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ նշելով, որ դատարանը դուրս է եկել դատական վերահսկողության սահմաններից: Մասնավորապես, ըստ դատախազության, դատարանը չէր կարող անդրադառնալ այնպիսի հանգամանքների, ինչպիսիք են նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների գնահատումը, թեև փաստաբանի դիտարկմամբ, նյութերի շրջանակներում առանձնապես տվյալներ ձեռք չեն բերվել, նյութերի շրջանակներում խոսք է գնում միայն վարչապետի հայտարարության, Վարչատարածքային բաժանման մասին օրենքից և Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարության դրույթներից մասին, այլ նյութեր չեն նախապատրաստվել, որ ապացույցի գնահատման հարց լինի: Բացի այդ՝ դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքով որևէ խոսք չկա ներկայացված, թե ինչու են համարում հիմքերը բավարար՝ քրեական գործ չհարուցելու համար, ինչ կապ ունի Վարչատարածքային բաժանման մասին օրենքը:
«Իրականում չեն համարձակվում ասել, որ սա ՀՀ տարածք չէ, բայց իրավական հիմքերը՝ տարածքային ենթակայության իմաստով, բերում են դրան: Այսինքն, ըստ էության, չեն ընդունում, որ այդ տարածքները ՀՀ տարածքին են պատկանում, որտեղ ադրբեջանցիներն ապօրինի գործողություններ են կատարել: Նույնիսկ եթե այդ տարբերակն ընդունելի լիներ, իսկ մենք դա միանշամնակ չենք ընդունում, ամեն դեպքում հանցագործությունը կատարվել է ՀՀ քաղաքացիների դեմ՝ անկախ իրենց գտնվելու վայրից, ինչը հիմք էր քրեական գործ հարուցելու: Բայց քար լռություն է »,- նշեց Խուդոյանը՝ հավելելով, որ թվում էր, թե առաջին ատյանի դատարանի որոշումից հետո մի քիչ ավելի երկար կմտածեն ինչ-որ բան անելուց առաջ, բայց դատախազությունն անդրդվելի է, բողոք է ներկայացրել դատարան, ամեն կերպ չեն ցանկանում այդ քրեական գործը հարուցել, չեն ցանկանում լսել շուռնուխցիներին, թե ինչ հանգամանքներում, ինչ սպառնալիքների ներքո են մարդկանց հեռացրել իրենց տներից, ինչ վնասներ են կրել:
Իսկ թե ինչու են իրավապահ մարմինները զերծ մնում քրեական գործ հարուցելուց և պատշաճ քննություն իրականացնելուց, ապա Խուդոյանի դիտարկմամբ՝ հետագայում հարց պետք է բարձացվեր, թե ում մեղավորությամբ է այդ ամենը տեղի ունեցել, որովհետև, եթե ԶՈՒ-երը չեն հսկում այդ տարածքը կամ իրավասու մարմինները չեն զգուշացնում բնակիչներին՝ թողնելով նրանց բախտի քմահաճույքին՝ ադրբեջանցիների հետ անձնապես խոսելու, բնականաբար, մարդիկ կհայտնվեն, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Փաստաբանը գտնում է, որ քննություն իրականացելու դեպքում կամ կուղղվեն դեպի բանակի ղեկավարություն, կամ քաղաքական ղեկավարություն, որոնք անգործության են մատնված եղել, այդ իսկ պատճառով էլ զգուշավորություն են ցուցաբերում:
«Արդյունքում ստացվում է, որ պաշտպանում են ադրբեջանցիների շահերը, ոչ թե Շուռնուխի բնակիչների»,- նշեց Խուդոյանը:
Փաստաբանը պարզաբանեց, որ չգիտի՝ իրականում սպայական կազմը հանձնարարություն ստացե՞լ է այդ տարածքնբերում անվտանգություն ապահովելու, թե ոչ, կամ իրավապահները հանձնարարություն ստացել են՝ նրանց տարհգանելու, թե ոչ, բայց աներկբա է, որ ՀՀ-ում ինչ որ մեկը պարտավոր էր մեր տարածքների բնակիչների անվտանգությունն ապահովել, պետք է հասկանալ, թե ում պատասխանատվությունն է դա և ով է թերացել իր պարտականությունների կատարման մեջ:
Փաստաբանի խոսքով՝ առաջնահերէ խնդիրն այն է, որ տեղի է ունեցել ավազակային հարձակում՝ ենթադրաբար ադրբեջանցի զինված խմբերի կողմից և մեր դատախազությունը բացարձակապես մտահոգված չէ՝ շուռնուխցիներին լսելու հարցում: Նշենք, որ անգամ նյութերի նախապատրաստման ընթացքում շուռնուխցիներն անգամ բացատրություն չեն տվել:
Ինչ վերաբերում է հետագայում ՄԻԵԴ դիմելուն, փաստաբանը նշեց, որ դատավարական առումով որպես անձ շահագրգիռ կողմ չեն հանդիսանում, ուստի՝ այդ առումով վիճալի է՝ կարող են ՄԻԵԴ դիմել, թե ոչ: Բացի այդ՝ կառավարության կողմից ևս մատնանշվել է միջազգային իրավական բոլոր գործիքներով Ադրբեջանի դեմ պայքարելու ուղղությունը, սակայն, փաստաբանի դիտարկմամբ, կարծես թե, ներպետական գործընթացներն այդ ուղղություններին չեն համապատասխանում:
«Հարց է առաջանում՝ այդ ուղղություններն իրականություն է, թե ոչ: Եթե իրականություն է, ինչու չեն ներպետական ատյաններում այդ հարցը լուծում»,-նշեց նա՝ հավելելով, որ կասկած է առաջանում նաև առ այն, որ միջազգային ուղղության հռչակումն էլ արհեստական է:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան