Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության Nissan-ը և Mercedes-ը
Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Կոլյա Սուքիասյանի վարած, ՀՀ առողջապահության հաշվեկշռում հաշվառված Nissan մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան լուսաձայնային ազդանշանները միացած է եղել և հիվանդ տեղափոխելիս է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը: Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկների ճիշտ աշխատանքի արդյունքում ոչ մի խցանում տեղի չունեցավ և շտապօգնության ավտոմեքենաները կարողանում էին առանց խոչընդոտի երթևեկել: 2 վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, երկուսն էլ եղել են սթափ: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամաս Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարով: Վիրավորներից մի քանիսին քաղաքացիների օգնությամբ փրկարարներն են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/08/30/1194961/