Թուրքիան կրկին հայտարարել է, որ ի վիճակի չէ փախստականների նոր ալիք ընդունել
Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է նաև աֆղանստանցի փախստականների խնդրին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
Հեռախոսազրույցի ժամանակ անդրադառնալով Աֆղանստանից փախստականների հարցին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ի վիճակի չէ կրել այդ նոր միգրացիոն բեռը:
Նա նշել է նաև, թե ոչ ոք չի կամենում, որ Աֆղանստանի փախստականների պարագայում լինի այն, ինչ եղավ 2015թ․սիրիացի փախստականների ալիքի դեպքում:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Թուրքիա-Գերմանիա, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ Թուրքիայի կողմից ակնկալվող քայլերի վերաբերյալ մի շարք հարցեր:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս նախորդ ամիս հայտարարել էր, թե Թուրքիան մտադիր չէ ապաստան տրամադրել աֆղան փախստականներին։
«Մենք նախապես հայտնել էինք, որ Թուրքիան այս նպատակով վիզաներ չի տրամադրի։ Այս թեմայով բոլոր այն հայտարարությունները, որ տեղ են գտել ԶԼՄ-երում, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել էր Չավուշօղլուն։
Tert.am