Եգիպտոսում ձերբակալվել են 11-ամյա հարսնացուի և 12-ամյա փեսայի ծնողները
Եգիպտոսի ոստիկանությունն ընդհատել է անչափահասների պսակադրությունն ու բերման ենթարկել նրանց ծնողներին: Երեխաների հարսանիքի մասին հայտնի է դարձել սոցցանցերից: Նշվում է, որ երեխաների ծնողները բնակվում են մայրաքաղաք Կահիրեից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ում-Հենան գյուղում։
Եգիպտոսում անչափահասների ամուսնությունները պատժվում են օրենքով: Երկրում ամուսնությունը թույլատրվում է 18 տարեկանից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Անչափահասների հարսանիքի մասին իշխանություններն իրազեկվել էին երեխաների աջակցության թեժ գծով ստացված մի տղամարդու զանգից, ով տեղեկացել էր, որ Ֆեյսբուքում տեսել է անչափահասների լուսանկարներ, որոնք ենթադրաբար պատրաստվում են ամուսնանալ: Պարզվել էր, որ նկարները սոցցանցում տեղադրել է ոսկերչական խանութի սեփականատերը:
Ոստիկանները կանխել են արարողությունը։
«Այս միջադեպը խախտում է երեխաների պաշտպանության մասին Եգիպտոսի Սահմանադրության 80-րդ հոդվածը և նախատեսում է պետության միջամտություն այն դեպքերում, երբ երեխաները ենթարկվում են բռնության»,-ասել է Մայրության ու մանկության հարցերով ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Սահար ալ-Սանբաթին:
1in.am