Տղամարդը մահացել է 10 րոպեում 1,5 լիտր կոկա-կոլա խմելու հետեւանքով
Չինաստանում 22-ամյա տղամարդը խմել է 1,5 լիտր կոկա-կոլա 10 րոպեում եւ հանկարծամահ եղել մեկ օր անց, հաղորդում է Daily Mail-ը:
Չինացին, որի ինքնությունը հայտնի չէ, դիմել էր հիվանդանոց կոկա-կոլա օգտագործելուց վեց ժամ անց որովայնի շրջանում ուժգին ցավի եւ թքվածության գանգատներով: Նա պատմել է բժիշկներին, որ արագ ըմպել է 1,5 լիտր ըմպելիքը տապին հովանալու համար:
Հետազոտման արդյունքում չինացու մոտ ախտորոշել են օդային կիստաների ձեւավորում աղիների պատին եւ լյարդի կաթված, որը պայմանավորված է արյան կամ թթվածնի ոչ ադեկվատ ներթափանցմամբ: Բժիշկները պացիենտին անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել, սակայն 12 ժամ անց նրա վիճակը վատթարացել է, իսկ անալիզները ցույց են տվել, որ լյարդը լրջորեն ախտահարված է: Վեց ժամ անց տղամարդը մահացել է:
Մասնագետները պնդում են, որ այն պատճառով, որ չինացին չափազանց արագ է խմել կոլան, նրա օրգանիզմում կուտակվել է չափից շատ քանակությամբ ածխաթթու գազ, ինչը հրահրել է լյարդի թթվածնաքաղց եւ դարձել է մահվան պատճառ: Նրանք հավելել են, որ աղիներից գազը ներթափանցել է լյարդի գլխավոր արյունատար անոթներից մեկի մեջ:
Սակայն Լոնդոնի Համալսարանական քոլեջից կենսաքիմիկ Նատան Դեւիսը հերքել է չինացի բժիշկների ենթադրությունը՝ հայտարարելով, որ հավանականությունը, որ մահը վրա է հասել գազավորված ըմպելիքի օգտագործման հետեւանքով, չնչին է: Նրա խոսքով՝ մահվան պատճառ կարող էր դառնալ բակտերիալ վարակը, որն օրգանիզմում գազերի կուտակման հայտնի պատճառ է, ոչ թե ոչ ալկոհոլային ըմպելիքը:
Պրոֆեսոր Դեւիսն ասել է, որ առողջության համար գազավորված ըմպելիքների պարբերական կիրառման հետեւանքով վնասը հիմնականում աննշան է եւ ավելի երկարաժամկետ. դրանցից վնասվում են ատամներն ու կարող է խախտվել ոսկորների հանքայնացումը:
News.am