Անչափահասի կողմից դանակահարություն կատարելու գործ ուղարկվել է դատարան․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական բաժնում ավարտվել է 17-ամյա պատանու կողմից կատարված դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:
Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. մայիսի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 2003թ., Գ.Նժդեհ փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանել է բնակիչներից մեկի հետ՝ չհայհոյելու և ավտոմեքենայի ձայնարկիչի ձայնը իջեցնելու հարցի շուրջ:
Չհանդուրժելով բնակչի կողմից իրեն արված դիտողությունը, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, պատանին իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցրել բնակչի որովայնին և ձախ ոտքին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պատանուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամաբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Tert.am