Սեպտեմբերի 30-ին, ժամը 23:30-ին, գյուղմթերք տեղափոխող MAN բեռնատարը, կորցնելով կառավարումը, Սանահին-Թումանյան հատվածում գտնվող կամրջի վրա կողաշրջվել է և վնասել երկաթուղային ենթակառուցվածքը: Արդյունքում Վրաստանի հետ միջազգային հաղորդակցությունն ընդհատվեց 4,5 ժամով: Այս մասին տեղեկացնում ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Երկաթուղային գծերի վրա ընկած կամրջի ցանկապատի հատվածները և բանջարեղենը վնասել են 100 մետր երկարությամբ կոնտակտային ցանցը: Հարավկովկասյան երկաթուղու վերականգնողական խմբի ջանքերով ցանցը վերականգնվեց և գծերը մաքրվեցին հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Միջադեպի պատճառով ուշացել են Երևան-Բաթումի միջազգային ուղևորատար և Վրաստանից Հայաստան ուղևորվող բեռնատար գնացքները:

2021 թվականին ՀԿԵ ենթակառուցվածքի վրա արտաքին ազդեցության դեպքերն ավելացել են՝ վտանգելով երթևեկության անվտանգությունը: Եթե 2020 թվականին գրանցվել էր 35 նման դեպք, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին` արդեն 70: Վանաձոր-Ալավերդի հատվածում գտնվող Փամբակի կիրճը ամենավտանգավոր հատվածն է, այստեղ գրանցվում է երկաթուղային գծերի վրա տրանսպորտային միջոցների ընկնելու ամենամեծ թիվը: Հատկապես շատ դեպքեր են տեղի ունենում աշնանանն ու գարնանը, երբ վատ եղանակն էլ ավելի է բարդացնում երթևեկության պայմանները:

ՀԿԵ-ն ՀՀ ոստիկանության հետ համատեղ բացատրական և կանխարգելիչ աշխատանքներ է տանում այս հատվածում տրանսպորտային միջադեպերը կանխելու համար: Ընկերությունը ևս մեկ անգամ կոչ է անում տրանսպորտային միջոցների վարորդներին զգոն լինել երկաթուղային կոմումիկացիաները հատելիս և ներողություն է խնդրում ուշացած գնացքի ուղևորներից պատճառած անհարմարության համար:



News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն