Մահացել է Վանո Սիրադեղյանը
Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը գուժում են գրողի, հրապարակախոսի, պետական, ազգային, քաղաքական գործչի մահը, որ տեղի է ունեցել նախօրեին: Այս մասին հայտնում է 4rd.am-ը:
Վանո Սիրադեղյանը 75 տարեկան էր:
Կենսագրական տվյալներ
1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։
1988 թվականից անդամակցում է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։
Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվում և բանտարկվում է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես ՀՀ անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։
1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։
1999 թվականիի մայիսի 30-ին կրկին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Վ. Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է, 1990-1992 և 1997–2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը:
Վ. Սիրադեղյանի անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ, ինչի համար էլ նրա նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում էին հայտարարել: