ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանին։ Տեղեկությունը տեղադրված է e-gov.am կայքում։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անդրադարձել էր Ադրբեջանի հետ բանակցությունների թեմային։ Նա հայտարարել էր, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, ով մասնակցել է բանակցություններին, սակայն անունը չէր հրապարակել, այլ միայն ակնարկել էր, որ այդ անձն աշխատում է վարչապետի աշխատակազմում։

ԶԼՄ–ներում սկսեցին լուրեր տարածվել, որ երկրորդ պաշտոնյան եղել է Հրաչյա Թաշչյանը։ Հայտնում էին, եթե Վանեցյանը կապի մեջ էր ադրբեջանցի իր գործընկերոջ հետ, ապա Թաշչյանը Whatsapp–ով շփվել է Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի` Հիքմեթ Հաջիևի հետ։

Հրաչյա Թաշչյանը մինչ այս զբաղեցրել է ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, այնուհետև դիվանագիտական առաքելություն իրականացրել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում:

Նա վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ է նշանակվել 2020 թվականի հուլիսի 8-ին։

Հիշեցնենք, նաև որ նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած ռազմական բախումից հետո հայտնի դարձավ, որ ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները ուղիղ հեռախոսային կապ են պահպանելու։ Ռազմական նշված բախումից առաջ ՀՀ պաշտպանության նախարար էր նշանակվել վարչապետ Փաշինյանի ամենամտերիմ անձնավորությունը՝ Սուրեն Պապիկյանը։

Այս հանգամանքները համադրելով գալիս ենք եզրահանգման, որ Փաշինյանն իր և Ալիևի կապը ապահովողին արդեն փոխել է ու հիմա Հրաչյա Թաշչյանի փոխարեն այդ կապը կապահովի Սուրեն Պապիկյանը, սրանով էլ, ըստ ամենայնի, պայմանավորված է Թաշչյանի հեռացումը կառավարությունից։

E-gov.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն