Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից, եւ նրա նկատմամբ անվստահության գործընթաց են ուզում սկսել։ Նա իրեն պատկանող լրատվամիջոցում՝ Armtimes.com կայքում, Մարությանին մեղադրում է «նախկինների» հետ հարաբերություններ հաստատելու մեջ։

Իրականում գուցե պատճառն այն է, որ Մարությանին ժամանակին քննադատում էին բոլորը՝ ընդդիմությունը, լրագրողները, հասարակ քաղաքացիները, մինչդեռ այսօր սկսել են գովաբանել, իսկ ընդդիմությունն էլ ավելի շատ պաշտպանում է՝ տեսնելով, թե ինչպես է նա տարանջատվել իշխանություններից, եւ ինչպես են նրա երբեմնի թիմակիցները հարձակվում նրա վրա։ Երեկ նա Armtimes.com կայքի հոդվածը հրաժարվել է մեկնաբանել՝ ասելով, թե դեղին մամուլի հրապարակումները չի մեկնաբանում։

Իսկ ի՞նչ են մտածում այս ամենի մասին Մարությանի հետ աշխատող թաղապետերը՝ Երեւանի վարչական շրջանների ղեկավարները, որոնք, ըստ լուրերի, ավելի շատ Սուրեն Պապիկյանին են ենթարկվում, քան քաղաքապետին։ Հիշեցնենք նաեւ, որ կադրային ու մյուս կարեւոր հարցերում մայրաքաղաքում որոշումներ կայացնելու լիազորությունը ներքին կարգով քաղաքապետի ձեռքից վերցրել եւ հանձնել են ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին։

Մեզ հետ թաղապետերը միաբերան գոհունակություն էին հայտնում Հայկ Մարությանից՝ նշելով, որ գոհ են նրա աշխատանքից։ Ոմանք, իհարկե, «բանից անտեղյակի» տեղ դրեցին իրենց՝ հայտարարելով, թե չգիտեն՝ ինչ հոդվածի մասին է խոսքը։

Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը, օրինակ, մեր հարցին՝ տեղյա՞կ է փաշինյանական «ՀԺ»-ի հոդվածից, նախ ասաց՝ որեւէ բան չի կարող մեկնաբանել, իսկ հարցին, թե գո՞հ է Մարությանից, ասաց․ «Այո, շատ»։ Քաղաքական մասով, սակայն, չցանկացավ մեկնաբանել՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում այսպիսի հարցերի պատասխանել «այս ֆորմատով», որովհետեւ ինքը պարտավոր չէ եւ չի ուզում «սպասարկել» մեր ուզածը։

Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն էլ դրական գնահատական տվեց Մարությանի մասին, բայց սկզբում մի փոքր տարակուսեց հարցից․ «Չեմ հասկանում Ձեր հարցը՝ ես թաղապետ եմ, ինքն էլ՝ քաղաքապետ։ Ինչ-որ բա՞ն ա եղել»։ Հարցրինք՝ ինչպե՞ս է գնահատում քաղաքապետի աշխատանքը, Մկրտչյանը կրկին զարմացավ․ «Լավ։ Բայց ի՞նչ խնդիր կա, չեմ հասկանում։ Դուք ո՞նց եք պատկերացնում, ինքը՝ քաղաքապետ, ես՝ թաղապետ, ես չեմ հասկանում իմաստը»։

Ասացինք, որ մենք էլ չենք հասկանում, թե ինչու է «Հայկական ժամանակ»-ում Նիկոլ Փաշինյանը հոդված «գրել» Հայկ Մարությանի վերաբերյալ։ «Նիկոլ Փաշինյանը հոդված չի գրում, չգիտեմ՝ ինչի մասին ես խոսում, Վահե ջան»,- ասաց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը եւ ավելացրեց․ «Ես չգիտեմ՝ ով ինչ ա գրում, ես ասում եմ՝ ամեն ինչ նորմալ ա»։ Ինքը քաղաքական լարվածություն չի նկատել Մարությանի ու Փաշինյանի միջեւ, այդ հոդվածում տեղ գտած ձեւակերպումների մասով էլ, թե գեներալներ Սեյրան Օհանյանն ու Ամարասի Արթուրը Մարությանին «շեղում են հեղափոխությունից», ասաց՝ չի լսել, չի էլ պատկերացնում նման բան։

Զրուցեցինք նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի հետ։ Նա էլ, բնականաբար, ասաց, որ գոհ է Մարությանի աշխատանքից․ «Որ գոհ չլինեի, չէի աշխատի, պարզ չի՞»։ Ապա շարունակեց․ «Բացարձակապես ոչ մի խնդիր չկա, Հայկ Մարությանը երբեմնի հաջողված, լավագույն քաղաքապետերից ա»։ Կարապետյանը երեւի ուզում էր ասել՝ երբեւէ հաջողված։

- Դուք Ձեզ Մարությանի թիմակից համարո՞ւմ եք։

- Այսի՞նքն։

- Այսինքն՝ Դուք Ձեզ Մարությանի՞ թիմի անդամ եք համարում, թե՞ ընդհանուր ՔՊ-ի։

- Ի՞նչ թիմ, թիմ ունի՞ Մարությանը, ովքե՞ր են էդ թիմում։ Ի՞նչ ասել է՝ Մարությանի թիմ եւ ՔՊ-ի թիմ, ի՞նչ եք ուզում հարցնեք։

- Դուք տեսե՞լ եք Մարությանի մասին «Հայկական ժամանակ»-ի էլեկտրոնային տարբերակում հոդվածը, որտեղ նրան մեղադրում են Քոչարյանի թիմակիցների հետ «խաղեր տալու» մեջ։

- Ոչ, չեմ տեսել եւ ես չեմ մեղադրում ոչ մի բանի մեջ նրան։ Ես Մարությանի մասին միայն դրական բաներ կարող եմ ասել։

- Իմ հարցի տրամաբանությունն էլ հենց դա է՝ Մարությանը կարծես տարանջատվել է ՔՊ-ի թիմից, իր առանձին թիմն ունի, դրա համար էլ հարցնում եմ՝ Դուք, օրինակ, Ձեզ ո՞ր թիմի մաս եք համարում։

- Եկեք սենց հարցեր մի տվեք՝ ով ինչ է արել, ոնց է արել, ամեն մարդ իր կարծիքն ու պատկերացումն ունի, ես չեմ որոշելու՝ ով որտեղ պետք է լինի, ով որտեղ պետք է չլինի։ Թիմեր առանձնացնելը ես չեմ հասկանում։ Մենք՝ բոլորս, այդ թվում՝ Դուք, մեկ թիմ պետք է լինենք, ու բոլորիս նպատակը մեր պետության կայացումը եւ զարգացումը պետք է լինի։

- Ես առանձին անհատ եմ, որեւէ թիմի հետ կապ չունեմ, առավել եւս ՔՊ-ի թիմից չեմ կարող լինել։

- Պետությունը բոլորինս է, մենք պետք է մեկ լինենք՝ հանուն մեր պետության։ Էդ, որ Դուք առանձնացնում եք՝ Մարությանի թիմ եք անունը դնում եւ այլն, ես տենց խոսակցությունների մեջ չեմ ուզում մտնել։

- Մենք չենք առանձնացնում, այլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցն է առանձնացնում՝ Մարությանին տարանջատել ու սարքել են քոչարյանական, ոչ թե մենք։

- Ես չգիտեմ՝ որ լրատվականն ում է պատկանում, եթե Դուք էդքան վստահ գիտեք, էդ Ձեր գործն ա։

- Եթե Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը բացեք, այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ «Հայկական ժամանակի» խմբագիրն է եղել։

- Հա, ի՞նչ անենք։ Իսկ Ձեր հարցը, ընդհանրապես, իմ հետ ի՞նչ կապ ունի, ես չեմ հասկանում։ «Հայկական ժամանակը» բան է գրել, Դուք զանգել եք ինձ՝ քաղաքապետից եք հարցնում։ Ես ասացի իմ կարծիքը քաղաքապետի մասին։ Ու, ընդհանրապես, կարծիք չի, Դուք էլ, որ ուշադիր լինեք, կտեսնեք՝ ինչքան բան է փոխվել, ինչքան բարեփոխումներ են եղել։

- Լավ, եթե վաղը նորից ընտրություն լինի, եւ Հայկ Մարությանը դարձյալ առաջադրվի, Դուք կպաշտպանե՞ք Մարությանին, կցանկանա՞ք, որ նա նորից դառնա քաղաքապետ։

- Էս պահին չեմ կարող Ձեր հարցին պատասխանել։

- Դե, եթե գոհ եք, ենթադրում եմ՝ կցանկանաք նաեւ, որ նա երկրորդ ժամկետով էլ կառավարի քաղաքը։

- Ճիշտ եք ենթադրում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն