Հնագույն ժայռապատկերներով քարանձավներում առաջին անգամ մարդու ԴՆԹ է հայտնաբերվել
Միջազգային գիտնականների խմբին առաջին անգամ հաջողվել է հնագույն մարդու ԴՆԹ առանձնացնել այն քարանձավների պատերից, որտեղ հազարամյակներ շարունակ կենսաբանական նյութի հետքեր են պահպանվել։ Այս բացահայտումը կարող է օգնել պարզել, թե հատկապես ովքեր են եղել նախապատմական ժայռապատկերների հեղինակներն ու հպվել դրանց մակերեսին։
«First Art» նախագծի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Հետազոտողները լաբորատոր քննության են ենթարկել Իսպանիայի և Պորտուգալիայի 11 քարանձավների պատերից վերցված 120 նմուշ, որոնց թվում եղել են ինչպես ժայռապատկերներով հատվածներ, այնպես էլ, այսպես կոչված, ստուգիչ «մաքուր գոտիներ»։
Նմուշներից հնգում գիտնականներին հաջողվել է մարդու ԴՆԹ հայտնաբերել։ Երկու դեպքում գենետիկական նյութը եղել է գրեթե անխառն․ այն, ամենայն հավանականությամբ, պահպանվել է քրտինքի, թքի կամ այլ կենսաբանական հետքերի շնորհիվ, որոնք մարդիկ թողել են հենց պատկերները նկարելու ընթացքում։ Մյուս երեք նմուշներում մարդու ԴՆԹ-ն խառնված է եղել կենդանիների գենետիկական նյութի հետ։
Անսպասելիորեն պարզվել է, որ հինգից չորս դրական նմուշները վերցվել են ոչ թե բուն պատկերներից, այլ պատերի այն հատվածներից, որտեղ նկարներ չկան։ Միևնույն ժամանակ, գիտնականներին չի հաջողվել մարդու ԴՆԹ կորզել ոսկրե այն խողովակից, որը, ենթադրաբար, կարող էր օգտագործված լինել օխրա քսելու համար։
Առանձնակի կարևորություն է ունեցել Կովարոն քարանձավից վերցված և կալցիտի շերտով պատված նմուշը։ Դրա վերլուծությունը թույլ է տվել պարզել արևմտյան որսորդ-հավաքիչների ներկայացուցչի գենետիկական պրոֆիլը, ինչը բնորոշ է Պիրենեյան թերակղզու հնագույն բնակչությանը։ Սա փաստել է, որ սկզբունքորեն հնարավոր է ուսումնասիրել այն մարդկանց ԴՆԹ-ն, ովքեր կապ են ունեցել հնագույն արվեստի ստեղծման հետ։
Գիտնականների խոսքով՝ քարանձավների պատերին ԴՆԹ-ի պահպանվածությունը կախված է բազմաթիվ գործոններից՝ ջերմաստիճանից, խոնավությունից, ապարների կազմից և այլ պայմաններից։ Այդուհանդերձ, այս նոր հետազոտությունը հնարավորություն է տալիս պատասխաններ գտնել նախկինում անհասանելի հարցերի համար. ովքե՞ր են հստակ հետքեր թողել քարանձավներում, արդյո՞ք նրանք տղամարդիկ էին, թե՞ կանայք, բնակչության որ խմբերին էին պատկանում և որքան խորն են հնագույն մարդիկ թափանցել քարանձավային համակարգեր։
Պալեոգենետիկ Մատիաս Մեյերը նշել է, որ այս աշխատանքը միայն սկիզբն է։ Հետագայում գիտնականները ծրագրում են ուսումնասիրել ավելի շատ հնագիտական հուշարձաններ, ժայռապատկերների տարբեր տեսակներ ու դրանց ստեղծման տեխնիկաներ, հատկապես այն վայրերում, որտեղ հնագույն գենետիկական նյութի պահպանման մեծ հավանականություն կա։






































