Սարգիս Մուրադյանն ընտրվել է Սևան համայնքի ղեկավար
Դեկտեմբերի 17-ին Սևանի համայնքապետարանում տեղի ունեցավ Սևան համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում են Սևանի համայնքապետարանից: Ավագանու նիստը վարել է ավագանու նիստին ներկա և տարիքով ավագ անդամը` Կամո Ավագյանը: Նա հայտարարել է նիստի բացման մասին, ապա նիստին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը:
Օրակարգային առաջին հարցը վերաբերել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությանը:
Սևան համայնքի ավագանին որոշել է Սևան համայնքի ղեկավար ընտրել «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամների ցուցակը գլխավորող Սարգիս Խաժակի Մուրադյանին:
Սևան համայնքի նորընտիր ղեկավար Սարգիս Մուրադյանը, ողջունելով ավագանու անդամներին, նշել է, որ նախորդ 5 տարիների աշխատանքի արդյունքում «Սարգիս Մուրադյան» դաշինքը ստացել է վստահության այսպիսի քվե, որը միաժամանակ մեծ պատասխանատվություն է:
«Առաջիկայում մեզ սպասվում են լուրջ գործընթացներ արդեն Սևանի տարածաշրջանի առումով, և տարածաշրջանի բնակավայրերի համաչափ զարգացումը դառնալու է մեր ամենօրյա աշխատանքի առանցքը: Համայնքի ավագանու դերակատարումն էլ ավելի է մեծանալու, և ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկայացվեն համայնքապահպան ու համայնքաշեն որոշումներ, որի արդյունքում Սևանը դառնալու է հանրապետության ներկայանալի և օրինակելի համայնքներից մեկը»,- ասել է Սարգիս Մուրադյանը:
Օրակարգային հաջորդ հարցի` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը՝ նշելով, որ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի երդման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին Սևանի համայնքապետարանում: Երդման արարողությունից հետո Սևան համայնքի ղեկավարը կստանձնի իր պարտականությունները:
Օրակարգային վերջին հարցը վերաբերել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելուն։ Համայնքի ավագանին որոշել է ավագանու հերթական նիստը գումարել 2021 թվականի դեկտեմբերի 24-ին Սևանի համայնքապետարանում:
Hraparak.am