Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի գործով հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել։ Մեր տեղեկություններով՝ գործով ամբաստանյալներից Նվեր Մկրտչյան անուն ազգանունով անձն այսօր դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Ի սկզբանե նախաքննական մարմինը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին, դատական նիստերին Նվեր Մկրտչյանը չի գնացել, ինչը զայրացրել է դատավորին եւ վերջինս կալանավորման որոշում է կայացրել։ Դատարանը նրան կրկին ազատություն է «շնորհել», այս անգամ կիրառվել է գրավ՝ որպես խափանման միջոց՝ 500 հազար դրամի չափով։ Խափանման միջոցը փոփոխելու միջնորդություն է ներկայացրել պաշտպան Յուրա Ավայանը։

Ի դեպ, իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցում են, որ նա Քաջարանի քաղաքապետ Փարամազյանի դեմ ցուցմունք է տվել։

Հետաքրքրականը նաեւ այն է, որ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում, երբ որոնում ես այս գործը, բերում է 5 ամբաստանյալների անուններ՝ իրենց մեղադրանքներով, նրանք են՝ Մանվել Փարամազյանը, Մարատ Ստեփանյանը, Խորեն Միրզոյանը, Բաբկեն Համբարձումյանը եւ Լևոն  Համբարձումյանը, եւ ոչ մի խոսք Նվեր Մկրտչյան անունով անձի մասին։

Փորձեցինք կապ հաստատել Մկրտչյանի պաշտպանի հետ, սակայն նա հեռախոսազանգերն անջատում էր։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն