Դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։

Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում է մեկ հարց՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։

Ֆեյսբուքյան օգտատերերն իրենց էջերում հայտնում են, որ վաղն առավոտյան 10։00-ից լինելու են քաղաքապետարանի շենքի դիմաց ու բողոքի ակցիա են իրականացնելու՝ ի աջակցություն Մարությանի։

«Դեկտեմբերի 22-ին, ժամը 10։00-ին, այդ նիստին ընդառաջ՝ որպես քաղաքացի, լինելու եմ քաղաքապետարանի դիմաց եւ իմ՝ որպես երևանցի, աջակցությունս հայտնելու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Սիրելի քաղաքացիներ, երևանաբնակներ, ինչ-որ ավագանի, թայֆա կամ մի քանի հոգի չի կարող մեր՝ երևանցիներիս փոխարեն որոշի, ուստի  ավագանին ու իրենց թիկունքին կանգնող քայլողները, թող տեսնեն, որ մենք բարձր ենք գնահատում եւ արժևորում մեր գործող քաղաքապետին, մեզ նոր քաղաքապետ պետք չէ»,- գրել է քաղաքացիներից մեկը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն