Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) Վարչության հերթական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել ՀԺՄ առաջիկա համագումարն անցկացնել 2022թ. հունվարի 29-ին: Օրակարգում՝ ՀԺՄ նախագահի և Վարչության կազմի ընտրություններն են։

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Հրապարակին» հայտնեց, որ իր թեկնածությունը ևս առաջադրվելու է։

«Այո, ես կառաջադրվեմ։ Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ հավակնություններ ունեցողներ կան, թե ոչ։ Կարծում եմ, որ կլինեն, բնականաբար, առաջադրվողներ կլինեն, բայց գոնե ես այլ տեղեկություն անունների մասով չունեմ։ Այո, այդ օրը վարչության կազմ էլ պետք է ձևավորվի, բայց դա նախագահի պաշտոնում առաջադրվելու հետ այդքան էլ կապ չունի, առաջադրվողը միության անդամ պետք է լինի»,- ասաց Սեյրանյանը։

Հարցին, թե վերընտրվելու շանսերն ինչպես է գնահատում, ՀԺՄ գործող նախագահը պատասխանեց․ «Դե ես չասեմ։ Իմ գործընկերները պետք է որոշեն ու ոնց որոշեն, թող այդպես էլ լինի»։

Սեյրանյանի խոսքով՝ այս պահին միության անդամների թիվն է հստակեցվում, որոնք էլ պետք է մասնակցեն քվեարկությանը։

«Քվորում պետք է լինի, որ անցնեն քվեարկության, կարող է նաև պատվիրակների միջոցով լինել, այսինքն՝ սրանք տեխնիկական հարցեր են, որոնց դեռ չեմ ուզում անդրադառնալ, որովհետև վարչությունում հիմա աշխատանքային խումբ է ստեղծվել, որն էլ իրավաբանի հետ այդ տեխնիկական հարցերը քննարկում է»,- հավելեց նա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն