Լարսում հայկական բեռնատարներ են կուտակվել
Դեկտեմբերի 17-ից առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բեռնատարների հսկայական կուտակումներ են առաջացել։ Հայկական հարյուրավոր բեռնատարներ մի քանի օր է՝ կանգնած մնացել են Վրաստանի սահմանին՝ Լարսի անցակետ չհասած։ Մեզ ասացին՝ հերթը մինչև Թբիլիսի է հասնում։ Նույն վիճակն է նաև Ռուսաստանի հատվածում՝ դարձյալ հսկայական կուտակումներ, ու դարձյալ հայկական գրանցումով ավտոմեքենաներ՝ բեռնատար և թեթև մարդատար։
Նախատոնական այս օրերին բեռնատարների կուտակումը հսկայական վնասներ է հասցնում գործարարներին։ Նախ բեռնափոխադրող ընկերություններն են սիպված ամեն օրվա համար օրապահիկ և սննդի գումար վճարել իրենց վարորդներին, ինչը մեծ ծախս է։ Բացի այդ, ներկրող ընկերությունները, որոնք Ամանորին ընդառաջ որոշել էին ապրանք ներկրել ու վաճառել, հիմա կանգնել են փաստի առջև՝ գումարը վճարել են, ապրանքը գնել, բայց փակ ճանապարհների պատճառով իրենց ապրանքը մինչև հիմա տեղ չի հասել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ փոխանցեցին, որ վրացական կողմում կա շուրջ 500 հայկական բեռնատար, իսկ ռուսական կողմում՝ շուրջ հազար հայկական բեռնատար է կանգնած, և մոտ 150 մարդատար ավտոմեքենա։ «Լարսում կուտակումները մոտ մեկ շաբաթ առատ տեղումների պատճառով են, այսօր տեղումները դադարել են, և սկսվել են ճանապարհների մաքրման աշխատանքները, և աստիճանաբար կուտակումները կթեթևանան»,-ասաց ՏԿԵ նախարարության մամուլի պատասխանատու Սոնա Հարությունյանը։
Ինչ վերաբերում է վարորդների հետ կապին և անհրաժեշտ օգնությանը, ապա նախարարության խոսնակն ասաց, թե դեսպանատունը մշտական կապի մեջ է, անհրաժեշտության դեպքում բոլոր հնարավոր ձևերով իրենց օգնություն է ցուցաբերվում։
Hraparak.am