«Ես դիմադրություն եմ ցույց տվել, այնուհետև ես անջատվել եմ և ոչինչ չեմ հիշում». Սաակաշվիլին հայտարարել է իրեն բռնի ուժով հիվանդանոցից բանտ տեղափոխելու փորձի մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ իրեն փորձել բռնի ուժով տեղափոխել Գորիի ռազմական հիվանդանոցից, որտեղ ինքը վերականգնողական բուժում է ստանում 50-օրյա հացադուլից հետո:
Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, նախկին նախագահի կողմնակիցները ենթադրում են, որ քրեակատարողական համակարգի ղեկավարությունը փորձել է նրան Գորիից տեղափոխել Ռուսթավի քաղաք: Ավելի քաղ երկրի արդարադատության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ վերականգնողական կուրսի ավարտից հետո Սաակաշվիլիին կտեղափոխեն Ռուսթավի N12 բանտ:
Հիվանդանոցի իր պալատից, որը բանտային խցի պես է հարմարեցված, Սաակաշվիլին հաղորդագրություն է ուղարկել, որն էլ ներկայացրել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան:
Ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության ներկայացուցիչները և Ազգային պաշտպանի ներկայացուցիչը, որն այսօր այցելել է Սաակաշվիլիին բանտում, ենթադրում են, որ Սաակաշվիլին կարող է վերսկսել հացադուլը՝ ի նշան իր տեղափոխման դեմ բողոքի:
«Ես երբեք նման ճնշում և սրտխփոց չեմ ունեցել: Դրանից հետո ինձ փորձել են դուրս բերել ուժով: Ես դիմադրություն եմ ցույց տվել: Այնուհետև ես անջատվել եմ և ոչինչ չեմ հիշում: Երբ գիտակցության եկա, շուրջս բժիշկներ էին կանգնա և ասացին, որ ինձ ոչ մի տեղ չեն տեղափոխի», - ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Ձերբակալման օրվանից Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որն ավարտել է 50 օր անց: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:
Tert.am