ՊՇՌ թեստի համար քաղաքացու փոխարեն կարող է վճարել բարեկամը. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարարի հրամանը ՍԴ-ն ճանաչել է սահմանադրական, դրա բոլոր պահանջները, բացի «իր հաշվին» արտահայտությունից համապատասխանում է Սահմանադրությանը, հաջորդիվ որևէ փոփոխություն չունենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով ՊՇՌ պարտադիր հետազոտություն անցնելու նախարարության հրամանի վերաբերյալ ՍԴ որոշմանը։
««Իր հաշվին» արտահայտությունը, որը ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, դուրս կգա, բայց եթե բարեկամը, որևէ բարերար կամ այլ անձ, որը ցանկություն ունի վճարել, նման սահմանափակում չենք կարող մտցնել, ինչը իրավաչափ է, այո՛, քաղաքացու փոխարեն կարող է նրա բարեկամը վճարել թեստի համար։ Պետության կամ գործատուի կողմից նման ծախս վերցնելու վերաբերյալ որևէ բան չկա ՍԴ որոշման մեջ։ Այն բոլոր ծախսերը, որոնք պետական բյուջեի հաշվին չեն իրականցվում, պարզ է, որ իրականցվում են մասնավոր հիմունքներով»,– ասաց նախարարը։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ՊՇՌ իրականացնող որոշ լաբորատորիաների կողմից գնային քաղաքականության կտրուկ փոփոխություններ եղան և ՏՄՊՊՀ-ն քննության պետք է առնի այդ դեպքերը, հասկանալու, թե ինչքանով են այդ փոփոխությունները օբյեկտիվ։
Նախարարը նշեց, նախորդ տարվա համեմատ, այս տարի նկատվել է սուր շնչառական վարակների ավելացում։
«Առողջապահական համակարգը բավականին ծանրաբեռնված է եղել ամբողջ տարվա ընթացքում, 2021-ին պահեր չենք ունեցել, որ մեր ամբողջ մահճակալային ֆոնդը ծանրաբեռնված չաշխատի, բայց երբեք դիմելիությունն ապահովելու առումով խնդիր չենք ունեցել»,– ասաց նա։
Անդրադառնալով հարցին` ստացել են արդյոք պարգևավճարներ, նախարարը պատասխանեց. «Այս տարին որևէ բանով չի տարբերվել նախորդ տարիներից, Առողջապահության նախարարության ողջ անձնակազմը որոշակի պարգևատրումներ ստացել է, այդ թվում ես, ինքս հայտարարագրող անձ եմ հանդիսանում և երբ օրենքի պահանջով կներկայացնեմ իմ տարեկան հայտարարագիրը, կտեսնեք ամբողջ պատկերը, պարգևավճարների բախշման սկզբունքը պարզ է` համամասնորեն բոլորին»։
Tert.am