Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ է
«Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ դատախազության շենքի դիմաց` ի աջակցություն «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ)։
Նրանք պահանջում են ազատ արձակել արցախյան երեք պատերազմների մասնակցին:
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին, որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը` բավարարելով քննիչի 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը։
Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը Աշոտ Մինասյանի խափանման միջոցը կալանքի փոխելու հիմքերի մասով նոր քննություն անցկացնելու համար։
Մինասյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։ Ինչպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էին Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի և դատախազության միջնորդությունները:
Մեղսագրվող բոլոր երեք հանցավոր արարքներին նրա առնչությունը հիմնավորված չէր համարվել, այսինքն` հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:
Hraparak.am