Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ի թղթակիցը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների հարցով բանակցություններն ավարտվել են։ Հանդիպումն անցկացվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ մշտական ներկայացուցչության տարածքում՝ փակ ձևաչափով։

Բանակցությունները տևել են գրեթե 8 ժամ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել են փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը։

Ինչպես դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ղեկավարը, Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն ոչ թե ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքից, այլ «այսօր և պատմական հեռանկարի համար» Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովումից։

Պուտինի խոսքով՝ այդ կապակցությամբ ռուսական կողմը «հստակ» հասկացրել է, որ «ՆԱՏՕ-ի հետագա տեղաշարժը դեպի արևելք անընդունելի է»։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չէ, որ հրթիռներ է տեղակայում ԱՄՆ-ի սահմանների մոտ:

«ԱՄՆ-ն է իր հրթիռներով եկել մեր տուն, դրանք մեր տան շեմին են»,-ասել էր Պուտինը՝ հետաքրքրվելով, թե ինչպես կարձագանքեն ամերիկացիները, եթե Ռուսաստանը իր հրթիռները տեղակայի Մեքսիկայի կամ Կանադայի հետ ԱՄՆ-ի սահմանին։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ