«Կենդանաբանական այգու հետ կապված դժգոհություններ մենք դեռ վաղուց ունենք, ինչի մասին այն ժամանակ էլ խոսել ենք, բայց այսօր որոշել ենք հենց Կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա իրականացնել ու մեր ձայնը փորձել հնարավորինս լսելի դարձնել»,- քիչ առաջ Կենդանաբանական այգու մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը։ Նշենք, որ ակցիան իրականացնում են Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք գրել ենք, որ Երեւանի կենդանաբանական այգում սարսափելի իրավիճակ է ստեղծվել։ Կենդանիները հերթով սատկում են, ու ոչ ոք նրանց տեր չի կանգնում։ Մեզ ասացին՝ այգու տնօրենի ԺՊ նշանակված Արեւիկ Մկրտչյանը, որը Երեւանի քաղաքապետի օգոստոսի 5-ի որոշմամբ «Երեւանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել, ակնհայտորեն գլուխ չի հանում իր պարտականություններից։

Այգում բարձիթողի վիճակ է ստեղծվել, խոսվում է չարաշահումների մասին, որոնց հետեւանքով է նաեւ, որ կենդանիներին նորմալ կեր չեն տալիս, չեն խնամում, ինչն էլ հանգեցնում է նրանց անկմանը։ Մենք տեղեկացանք, որ մոտ տասն օր առաջ Կենդանաբանական այգում մեկ օրվա մեջ միանգամից հինգ անգղ է սատկել։ Ասում են՝ պատճառը նրանց օրերով սոված թողնելն է, թեեւ այգու տնօրինությունը փորձում է ներկայացնել, որ թռչունների անկման պատճառը հիվանդությունն է, ոչ թե սովը։ Սրանից զատ՝ նաեւ երկու արջերից մեկն է սատկել։ Ասացին՝ դարձյալ սովից իրար վրա են հարձակվել եւ, կարելի է ասել, իրար են կերել։ Այգու ներսից մեզ ահազանգեցին նաեւ այս ընթացքում մեկ քարայծի սատկելու մասին։

«2018-2019 թվականներին էլ ենք ակցիաներ արել, երբ դեռ տնօրեն էր Ռուբեն Խաչատրյանը։ Դժգոհությունները եղել հենց Ռուբեն Խաչատրյանից ու նրա այդ անհասկանալի ծրագրերից՝ ինչ-որ Եվրոպա և այլն։ Նրա ժամանակ եղան կենդանիների անկումներ, ոչ մասնագիտական մոտեցում։ Նա իրականում կինոռեժիսոր էր ու իրականում ոչ մի կապ չուներ կենդանիների հետ։ Նրա նկատմամբ բողոքներ ունեինք` կապված նաև իր հիմնադրամի հետ, որը փոխկապակցված էր։ Հիմա այդ բազմաթիվ բողոքների արդյունքում նրան հեռացրին, նրա տեղը նստեց նրա օրոք աշխատանքի ընդունված մի աշխատակից՝ Վլադիմիր Սիմոնյանը, որն ավտոմատ դառավ ժամանակավոր պաշտոնակատար, սակայն կորոնավիրուսը, պատերազմը նրա պաշտոնավարումը մի փոքր երկարացրին, ու նա 6 ամսից շատ մնաց։ Երբ ամեն բան վերջացավ, նրան հանեցին աշխատանքից ու նրա տեղը նշանակեցին Ռուբեն Խաչատրյանի հետ աշխատող, միջազգային կապեր ներկայացնող, մասնագիտությամբ տնտեսագետ Արևիկ Մկրտչյանին, որը նույն` Ռուբեն Խաչատրյանի շարունակությունն է, բան չի փոխվել։ Ինքը, այո, բոլոր տեղերը ասում է, թե իրար հետ կապ չունեն, բայց դա, բնականաբար, հարցի լուծում չէ»,- պնդեց Ռաֆայելյանը։

«Եթե ինքը շարունակում է Խաչատրյանի ոճը, պարզ բան է, որ ամեն ինչն էլ կրկնվում է ու կրկնվելու է։ Էլի կան բազմաթիվ կենդանիների անկումներ, աշխատկիցների հեռացումներ, մի ամսվա ընթացքում աշխատակիցների մոտ 25 տոկոսը դուրս է եկել աշխատանքից։ Մի մասին ստիպել են դուրս գալ, մի մասն էլ, տեսնելով, թե ինչ է կատարվում, դուրս է եկել, այսինքն՝ հիմա այս այգում իրականում ոչ կոմպետենտ մարդիկ են ուղղակի աշխատում։ Անգղների անկումները ո՞վ պիտի բացատրի։ Տո, մեկ ասում են` ճիճու է եղել, մեկ ասում են՝ չէ, թունավորում է եղել։ Այս վեց ամիսների ընթացքում շատ կենդանիների անկումներ են եղել, որի մասին ուղղակի չի բարձրաձայնվել։ Արջերն էլ իրար գզել են։ Հիմա էս մարդիկ եկել են ու ասում են՝ գիտական ծրագիր ենք անում, գիտական ծրագրի համար դու պիտի գիտնական լինես, որ անես, արջերի գիտական ծրագիրը ո՞րն է, էս ի՞նչ եք անում։ Ո՞վ է որոշել, որ արջերը պիտի սոված մնան, դա բացարձակ տգիտություն է, տգիտություն, ամոթ է դա։ Ես կարծում եմ, որ այս ամենն արվում է դիտավորյալ, որ Կենդանաբանական այգու տարածքն ազատվի, որովհետև, ըստ օդում կախված լուրերի, ստեղ ուզում են սարքեն էլիտար թաղամաս։ Դա դեռ 2011 թվականից էր այդ խոսակցությունները շրջանառվում։ Ինչ-որ բան ուզում են անեն, հնարավոր է նաև տան վարձով, սարքեն ինչ-որ մասնավոր բան, Ռուբեն Խաչատրյանն էլ իր կենդանիներին վարձով տա: Մենք չենք լռելու, դրա համար էլ այստեղ ենք»,- հավելեց նա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն