Գավառի բժշկական կենտրոնը նկատելի ձեռքբերումներով է փակել 2021 թվականի աշխատանքային տարին
Գավառի բժշկական կենտրոնում 2021 թվականի ընթացքում կատարվել են հսկայածավալ շինարարական աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, բարեկարգվել է «Գավառի ԲԿ» ՓԲԸ-ի շենքի արտաքին տեսքը, ասֆալտապատվել է բակը, ամբողջապես միացվել է արտաքին լուսավորության ցանցը։ Իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, շտապ օգնության մեքենաների համար կառուցվել է ավտոկայանատեղ։ Կառուցվել է թափոնների հավաքման առանձին սենյակ, հեմոդիալիզի բաժանմունքի համար՝ առանձին լաբորատորիա եւ ջրերի մաքրման կայան։ Վերանորոգվել է շենքի արտաքին լուսավուրության ցանցը։ Թարմացվել է ինտերնետ կապը։ Բժշկական կենտրոնի բաժանմունքները վերազինվել են նոր գույքով ու տեխնիկայով, թարմացվել սպիտակեղենային պարագաներով։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ընկերությունը համալրվել է շտապ օգնության «Մերսեդես» մակնիշի եւ «Լենդ Քրաուզեր» ամենագնաց ավտոմեքենաներով։ Բժշկական կենտրոնը համալրվել է բժիշկ մասնագետներով։ Ավելացել է ակնաբուժական, ուռոլոգիական, գինեկոպրոկտոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, ալերգոլոգիական, էնդոսկոպիկ, դիմածնոտային վիրաբուժության, մաշկային, դուպլեքս, ռեւմատոլոգիական, լապորոսկոպիկ վիրաբուժական ծառայությունները։
Բժշկական կենտրոնում այժմ կատարվում են իրենց տեսակով եզակի վիրահատություններ, որոնց գերակշիռ մասը կատարվում է լապորասկոպիկ եղանակով։ Ավելացել է հիվանդների դիմելիությունը եւ հոսքը բժշկական կենտրոն։ Կազմակերվել են նաև «Բաց դռների օրեր», որոնց ընթացքում սպասարկվել է շուրջ 1900 քաղաքացի: «Բաց դռների օրերի» շրջանակներում տարածաշրջանի բնակչությանը սպասարկելու նպատակով Երեւանից հրավիրվել են բարձրակարգ մասնագետներ, կատարվել են նաեւ վիրահատություններ, այդ թվում՝ լապորասկոպիկ։ Հատուկ «Բաց դռների օր» է կազմակերպվել նաեւ 44 օրյա պատերազմի ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքների անդամների համար: «Գավառի ԲԿ» ՓԲԸ–ն սոցիոլոգիական հարցումների եւ փորձագիտական գնահատման արդյունքում որպես տարվա լավագույն մարզային բժշկական կենտրոն անվանակարգում արժանացել է ՀՈՒՍՈ ԱՍՏՂ եւ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ մրցանակների։
«Մեր ձեռքբերումները պայմանավորված են հետեւողական ու ծրագրված աշխատանքով, կազմակերպչական ու մասնագիտական ճիշտ հաշվարկներով, զարգացման ու կատարելագործման ձգտումներով։ 2021 թվականին մեզ մոտ նախատեսված էր վճարովի ծառայությունների ծավալը հասցնել մինչեւ 77 միլիոն դրամի, սակայն տարին փակել ենք անհավանական ցուցանիշով՝ 154 միլիոն դրամով։ Այս ամենն արդյունք է տեխնիկական ու կադրային վերազինումների, մասնագիտացված նոր ծառայությունների ներդրման, բուժսպասարկման որակի բարելավման եւ շարունակական արդիականացման։ Իհարկե, մենք չենք բավարարվի ձեռք բերածով, քանի որ դեռ անելիքներ ունենք՝ Գավառի բժշկական կենտրոնը մասնագետ բժիկներով եւ բուժսարքավորումներով հագեցնելու եւ արդի չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Նախորդ տարվա ընթացքում մեր շարքերը համալրել են ավելի քան 50 բարձրակարգ բժիշկ մասնագետներ, ովքեր աշխատում են մայրաքաղաքի առաջնակարգ բուժհաստատություններում եւ շաբաթվա որոշակի օրերի իրենց մասնագիտական գործունեությունն են իրականացնում մեզ մոտ՝ տեղում կազմակերպելով բավականին բարդ վիրահատություններ եւ բուժումներ, անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություններ։ Մեր ձեռքբերումներն էական կլինեն նաեւ 2022 թվականին, եւ բնակչության համար տեսանելի կլինեն բուժսպասարկման բարելավմանն ու որակի բարձրացմանն ուղղված մեր բոլոր քայլերը»,-ներկայացրեց «Գավառի ԲԿ» ՓԲԸ տնօրեն Գարիկ Սողոմանյանը։
Խոսրով Խլղաթյան
Armenpress.am