Նախկին ռազմագերի Արեն Արամյանն ազատ կարձակվի
Դատարանը մերժեց Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողը ազատ կարձակվի։
Այս մասին Facebook-ի էջում գրել է Արեն Արամյանի փաստաբան Արա Կարապետյանը։
Նշենք, որ զինծառայող Արեն Արամյանը 2021-ի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված, ապա գերեվարված զինծառայողներից է, ով հայրենիք վերադարձվելուց հետո կալանավորվել է։ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Արեն Արամյանը մասնակցություն է ունեցել 2016 թվականի քառօրյա պատերազմին, 2020 թվականի հուլիսյան դեպքերին և 2020 թվականի 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին, ինչի համար հրամանատարության կողմից ներկայացվել է պետական պարգևի։
Հավելենք, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին դիմակայելով թշնամու գրոհներին՝ վարել է մարտական գործողություններ, որի ընթացքում ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում ծնկի շրջանում, ինչից հետո թշնամին մոտեցել է ու ինքնաձիգի պոչով հարվածներ է հասցրել Արեն Արամյանի գլխի շրջանում՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Հայրենիք վերադառնալուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ստացիոնար բուժում է ստացել։ Տասն օր անց Արեն Արամյանը դուրս է գրվել զինհոսպիտալից և անմիջապես ձերբակալվել։ Արեն Արամյանի մոտ ախտորոշվել է աջ ծնկահոդի շրջանի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ աջ ազդոսկրի դրսային կոճի ներհոդային բազմաբեկոր կոտրվածքով, աջ քունքային շրջանի կարած վերք և խորհուրդ է տրվել շարունակել ծնկահոդի ֆիքսատրով անշարժացումը ևս մեկ ամիս, որից հետո վերականգնողական բուժում:
Armeniatoday.news