«Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար․ Վրաստանում ՀՀ դեսպանություն
Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
«Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար»։
Ստորև՝ հեռուստաընկերության պարզաբանումը՝
««Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար: «Քրոնիկոն»-ի 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։ «Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։
Սյուժեի այդ հատվածը կհեռացվի Հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից»։
Նշենք, որ մածունի արտահանման արգելքի մասին հեռուստաընկերության տեսանյութում հաղորդավարների հետին պլանում ապակյա տարաների վրա հայերեն տառերով գրված է եղել «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»։
hy.armradio.am