Եռաբլուրը պղծում են բոլոր նրանք, ովքեր հայտարարում են՝ այս պայմաններով պիտի Թուրքիայի հետ հաշտության գնալ
Թուրքական կայսրությունը, Օսմանյան Թուրքիան, այնուհետև երիտթուրքական, հետո քեմալական Թուրքիան ստեղծվել է պատմական հունական և պատմական հայկական տարածքների վրա՝ հույն ու հայ ժողովրդի արյամբ։ Ես հույն ու հայ ժողովրդի զավակ եմ ու ինձ համար ցեղասպանության միջազգային ճանաչումը, ժխտողականության դեմ պայքարը իմ քաղաքական հետագծի ամենակարևոր բաղկացուցիչ մասն է եղել։ Այս մասին քիչ առաջ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։
«Ես իմ ողջ քաղաքական գործունեության ժամանակ ցանկացած միջազգային գործուղման ժամանակ չի եղել մի դեպք, որ մենք այս հարցը չբարձրացնենք ու հաջողության չհասնենք։ Հիմա արդեն հայտարարվել է, որ Հայաստանի ներկայացուցիչները Թուրքիայում պիտի հանդիպեն թուրքերի հետ։ 2018 թվականին որպես ԱԺ նախագահի տեղակալ ու «Հանրապետականի» ներկայացուցիչ ես էլ եմ մեկնել այնտեղ ու մասնակցել կոնֆերանսի։ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի ներկայությամբ ես շատ հստակ հայտարարել եմ, որ Թուրքիան պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ Արցախի ինքնորոշման իրավունքին, այսինքն՝ Արցախի անկախությանը այլընտրանք չկա։ Հիմա մենք բոլորս կտեսնենք, թե սրանք գնան ինչ են խոսելու, էդ որ տենց նախկին ու ներկա են անում։ Էդ ժամանակ թող մեր հասարակությունը մի հատ համեմատի»,- ասաց նա։
«Նիկոլի քարոզած հաշտությունն ու հայ ժողովրդի գիտակցությունը տարբեր են։ Հայը թուրքին սպառնալիք է համարում, իսկ Նիկոլի կառավարությունը համարում է հաշտեցման գնացող գործընկեր։ Ես հայտարարում եմ հենց հիմա, որ ուզում է ներկա լինի, ուզում է նախկին լինի, ուզում է ապագա լինի, բոլոր նրանք, ովքեր կհայտարարեն, թե պետք է հաշտության գնալ Թուրքիայի հետ այս պայմանների դրությամբ, նրանք պղծում են Եռաբլուրը։ Այ ընկեր, տո նախկինների հերն էլ անիծած, բա դու քո պետություն էլ չես սիրու՞մ։ Թուրքերի վիզ դրածն ես անու՞մ»,- հավելեց Շարմազանովը։
Hraparak.am