Հաղորդում հանցագործության մասին․ ընդդիմադիր գործչի հասցեին հնչում են ծանր վիրավորանքներ ու հայհոյանքներ
Փետրվարի 10-ին մշակույթի մի քանի գործիչներ հանդիպեցին ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հետ։ Հանդիպման վերաբերյալ հնչեցին հիմնականում քննադատական գնահատականներ ընդդիմադիր և քաղաքական գործիչների կողմից։ Մի այդպիսի քննադատական գրառում է արել նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։
Այսօր իշխանության քարոզչական ապարատը գործի դրվեց հանդիպմանը ներկաների վերաբերյալ քննադատական խոսք հնչեցրած անձանց թիրախավորելու և նրանց դիրքորոշումները լռեցնելուն ուղղված միջոցառումներ իրականացնելու համար։ Իշխանության տարբեր ներկայացուցիչների և սատելիտների կողմից այդ մասին գրառումներին հետևեցին սեռական բնույթի վիրավորանքներն ու հայհոյանքներն ուղղված Նարեկ Սամսոնյանին՝ նրա արտահայտած հրապարակային քննադատական դիրքորոշման առնչությամբ։
Հիշեցնենք, որ վերջերս քրեականացվեց «ծանր վիրավորանքը»։ Իշխանության, նրա սատելիտների և մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի հասցեին որևէ խոսք հնչեցրած ընդդիմադիր գործիչները, որոնց խոսքը նրանք կարող են որպես վիրավորանք ընկալել, միանգամից «պոլերին են ծեփվում», ազատազրկվում, ներգրավվում «ծանր վիրավորանքի» հոդվածով որպես մեղադրյալներ, օրումեջ կանչվում են իրավապահ մարմինների կողմից, դառնում ամբաստանյալներ։ Վերջերս նաև կայացվեց այդ հոդվածով առաջին մեղադրական դատավճիռը։ Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն այն անձանցից մեկն է, որը 2 օր անազատության մեջ է եղել «ծանր վիրավորանքի» հոդվածով։ Այժմ էլ որպես մեղադրյալ անցնում է Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու գործով։
Եվ ուրեմն, ճիշտ ժամանակն է հասկանալու՝ «ծանր վիրավորանքի» հոդվածը պաշտպանում է միայն իշխանությա՞նը, թե՞ նաև ընդդիմադիր գործիչներին։ Կամ ավելի ճիշտ է անել հետևյալ հարցադրումը՝ այն ուղղված է միայն Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների դե՞մ, թե իսկապես ծառայեցվում է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած անձանց պատժելու համար։ Մեր կանխավարկածն այն է, որ «ծանր վիրաավորանքի» հոդվածը նախատեսված է միայն ընդդիմադիր գործիչներին լռեցնելու և նրանց հետապնդելու համար, քանի որ մինչ օրս հանրությանը հայտնի քրեական գործերը միայն Նիկոլ Փաշինյանին ու իշխանության տարբեր հաճախորդներին «վիրավորելու» առնչությամբ են։
Ստորև փաստերով ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոս Նարեկ Սամսոնյանի դեմ իշխանության ուղղորդմամբ վիրավորանքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած անձանց ֆեյսբուքյան էջերը, լուսանկարն ու գրառումները և հրավիրում ենք ոստիկանության ուշադրությունը։ Այս անձինք ծանր վիրավորանքներ պարունակող մեկնաբանություններ են գրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին տեղակալ Հայկ Ստեփանյանի և նրա կողմից համակարգվող հարթակների, «ՔՊ»-ական Արմեն Հովհաննիսյանի, ՀՀ ԱԻՆ աշխատակից Գրիգոր Ֆնդիկյանի, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակից Մովսես Հարությունյանի և իշխանամետ այլ անձանց ֆեյսբուքյան գրառումների ներքո։ Վերջիններս իրենք էլ վիրավորական գրառումներ են արել։ Չնայած՝ Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը կոչ է արել իր գրառման ներքո վիրավորական արտահայտություններ չանել, բայց ինչպես ինքը, այնպես էլ՝ մյուսները, չեն հեռացրել իրենց գրառումների ներքո արված վիրավորական արտահայտությունները։
Արդյո՞ք ոստիկանությունը որևէ գործուն քայլ կանի հանցագործություն կատարած անձանց առնչությամբ, քրեական գործեր կհարուցի՞, բերման կենթարկի՞, մեղադրանքներ կառաջադրի՞, գործը կհասցնի՞ մինչև դատարան։ Հետևողականորեն կհետևենք այս ահազանգի ճակատագրին։
ArmDay.am