ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ   

Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, վերընտրվելով վարչապետի պաշտոնում, Դուք ավելի ու ավելի եք բացահայտում Ձեր հավատարմությունը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ծրագրերին՝ հրաժարում Արցախից և ազատագրված մեր տարածքներից: Դեռ մի բան էլ Դուք խորացրեցիք՝ տարածքներ տալով Հայաստանից… Դեռևս 2018 թվին՝ թավշյա <հեղափոխության> օրերին, ես չեմ վստահել Նիկոլ Փաշինյան նախկին լրագրողին, որովհետև

ա/ նրա հոդվածները աչքի չէին ընկնում ո՛չ գրագետ հայերենով, ոչ բովանդակային տրամաբանությամբ,

բ/Նիկոլ Փաշինյան պատգամավորը 5 տարի ՀԱԿ-ի անդամ էր, այսինքն՝ լևոնական…

գ/ որպես «Ելք» ընդդիմադիր պատգամավորական խմբի պատգամավոր տպավորությունն այն էր, որ նա կատարում է իշխանությունների պատվերը՝ ընդդիմադիր խաղալու…

Պարո՛ն Փաշինյան, ինչո՞ւ եկաք իշխանության, եթե կառավարման փորձ բացարձակապես չունեք և հընթացս էլ չուզեցիք սովորել խելացի և փորձառու մասնագետներից: Դուք մերժեցիք մեր պետության քաղաքական և տնտեսական վերականգնման համար մտահոգ բոլոր սրտացավ և բանիմաց մասնագետներին: Շատերը, որ հավատում էին Ձեզ, զարմացան…հետո հիասթափվեցին: 

Դուք մոլորության մեջ եք գցել և շարունակում եք մոլորեցնել մեր հանրությանը, որը բնավ էլ մեր ժողովրդի որոշիչ հատվածը չէ, բայց նույնիսկ այն մարդիկ, որոնք մոլորյալ էին և կուրորեն հավատում էին Ձեր խոսքերին, և հունիսի 20-ին իրենց ձայնը տվեցին ՔՊ-ին, ասել է, թե՝ Փաշինյանին, դառը զղջում են այսօր....

Դուք շեղվել եք և շեղում եք ժողովրդին հեղափոխության օրերին տված Ձեր խոստումներից, մեր ժողովրդի այն հատվածը, որն իր քվեն տվեց Ձեզ, բնավ համաձայն չէ  հող հանձնելու Ձեր քաղաքականությանը: Դուք միայն այդ սահմանափակ թվով հանրույթի վարչապետը չեք, այլ Հայաստանի Հանրապետության, բայց հոխորտում եք, թե Ձեզ մուրճի մանդատ է տվել ողջ ժողովուրդը: Սխալվում եք…

Այդ մուրճը, որը կապեցիք Հայոց եռագույն դրոշով, դրանով իսկ ստորացրեցիք և արժեզրկեցիք մեր պետական կարևոր խորհրդանիշերից մեկը՝ Պետական Դրոշը,  իսկ դա ՀՀ Սահմանադրության ոտնահարում է, որի համար Ձեր տալիք պատասխանը դառն է լինելու և պատմական…

Մարի Բարսեղյան –Խանջյան

Գրող, հրապարակախոս

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն