Ադրբեջանի դատախազությունը երեկ՝ փետրվարի 15-ին հայտարարություն տարածեց, որ ծրագրում է կարճ ժամանակամիջոցում ձերբակալել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ընդ որում՝ Արայիկ Հարությունյանից բացի հետախուզում է հայտարարվել 300 հայի նկատմամբ, որոնց նկատմամբ փորձում են միջազգային հետախուզում հայտարարել։

Արցախի նախագահականը որևէ կերպ այս հայտարարությունը չի մեկնաբանում, արտգործնախարարությունը որակում է որպես սադրանք՝ կապված ռուս խաղաղապահների ժամկետի երկարաձգման հետ։ Մասնագետների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ ադրբեջանական կողմի այս հայտարարություններն դեռևս զուտ հայտարարություն են ու սպառնալիք։

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանի կարծիքով՝ Ադրբեջանի դատախազության հայտարարությունը  ցինիկ և խուլիգանական է, որը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը․ «Այս հայտարարությամբ Ադրբեջանի իշխանությունները փորձում են խուճապ սերմանել արցախցիների մեջ և դրանով իսկ մղել նրանց հայրենի հողից զանգվածային արտագաղթի։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը մարդկության դեմ իրականացրեց զանգվածային հանցագործություններ՝ համարժեք ցեղասպանական հանցագործություններին, որոնք պետք է դատապարտվեն միջազգային քրեական դատարանի կողմից, իսկ մեղավորները, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալփսը, պետք է ձերբակալվեն և դատվեն Հաագայի միջազգային դատարում ինչպես ժամանակին ձերբակալեցին Սերբիայի նախագահ Միլոշևիչին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քաջատեղյակ լինելով, թե ինչ է ակնկալում Ադրբեջանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ քաղաքացիների դեմ իրականացվող ցեղասպանության քաղաքականության համար, Ադրբեջանի իշխանությունները, ըստ Կարեն Օհանջանյանի, փորձում են  մեկ քայլ առաջ անել, ուստի հանդես եկան նման հայտարարությամբ․ «Ավելի քան վստահ եմ, որ Ադրբեջանի իշխանություններին չի հաջողվի իրականացնել հայտարարված հայտարարությունը. սա կնշանակի պատերազմի վերսկսում՝ Ադրբեջանի համար անկանխատեսելի հետևանքներով»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակցին  զարմացնում է ռուսական օկուպացիոն ուժերի անգործությունը, որոնք դեռ հայտարարություն չեն տարածել այս հարցի վերաբերյալ․ «Ռուսները պետք է իմանան, որ Արցախի պետական ​​կառույցների նկատմամբ ցանկացած ոտնձգություն մենք կհամարենք որպես պատերազմի հայտարարություն, և մենք, որպես մեկ միասնական ուժ, ոտքի ենք կանգնելու և մեր հողից ջախջախելու ենք ոչ միայն ադրբեջանցի օկուպանտներին։ Նշեմ նաև, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները, այս հայտարարությունից շատ առաջ, պետք է դիմեին միջազգային կառույցին, ՄԱԿ-ի միջազգային դատարանին՝ Իլհամ Ալիևին ձերբակալելու որոշում  տրամադրելու՝ մարդկության դեմ զանգվածային հանցագործությունների, նրա կողմից սանձազերծված պատերազմի համար»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝  նման կոչի հիմք են հանդիսանում Արցախի խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումը և միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայերի մշակութային ժառանգության ոչնչացումը․«Ուստի կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել ագրեսորի կամքի կատարումը և վերջապես սկսել աշխատել հանուն իրենց երկրի քաղաքացիների շահերի միջազգային ասպարեզում»։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն