Երկուշաբթի օրվանից կարող են մոտենալ և պատվաստվել «Պֆայզերով»: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք մաքսազերծման աշխատանքները երեկ ավարտել ենք. այսօր, վաղը ամբողջ հանրապետության տարածքով «Պֆայզեր» պատվաստանյութերը կբաշխվեն, բոլոր պոլիկլինիկաներում և պատվաստման կետերում հասանելի կլինեն»,- նշեց Ավանեսյանը: 

Նախարարի խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք պատվաստվել են և առնվազն երեք ամիս անցել է ամբողջական պատվաստումից, կարող են ստանալ խթանիչ դեղաչափը: 

Նա ասաց, որ «Պֆայզերով» կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր երեխաները:

Նախարարի խոսքով՝ ավելի մեծ է հետաքրքրությունը «Մոդեռնայի» և «Պֆայզերի» նկատմամբ, բայց պահպանվում է նաև մյուս պատվաստանյութերի ակտիվ օգտագործումը:

«Այս պահին առկա են բոլոր տեսակները»,- ընդգծեց Ավանեսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն