Միասնական աղոթք է հնչել Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմնօրեր առաջ դիմել էր արցախահայությանը միասնական աղոթքի կոչով՝ Ամենազոր Աստծու զորակցությունը խնդրելով արցախահայության անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար:
ՀԱՍԵ Արցախի թեմից հայտնում են, որ Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարն այսօր սովորականից ավելի բազմամարդ է եղել։ Հավատավոր ժողովրդի հոծ բազմությունը հավատքով լցված համախմբվել է մեկ նպատակի ու մեկ գաղափարի շուրջ։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը իր խոսքում կարևորել է հայ ազգի միաբանությունը՝ համոզմունք հայտնելով, որ չկան այնպիսի դժվարություններ, որոնք չենք կարող լուծել Աստծո օգնությամբ, հատկապես, որ Սուրբ Գիրքն ասում է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ դեմ լինել»:
Միասնական աղոթքի ընթացքում հնչել է «Տեր ողորմյա» շարականը, որի ներքո բազմամարդ եկեղեցիներում բոլորը ծնրադիր աղերսել են Տիրոջ ողորմությունը, սերը, գթությունը մեր Հայրենիքի խաղաղության համար:
Արարողության վերջում կատարվել է նաև Հոգեհանգստյան կարգ՝ 2016թ. ապրիլյան պատերազմի և բոլոր մեր նահատակների հոգիների խաղաղության համար:
«Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում։ Միաբանվելով, միասնական լինելով ու քրիստոնեությունը հասկանալով, մենք կարող են վայելել երանավետ դրախտ Արցախ աշխարհը». ասում է Արցախի թեմի քարտուղար Դավիթ ուրարակիր Փաշայանը:
Միասնական աղոթքի մասնակիցների խոսքով՝ ժողովուրդը սպասում էր այս միասնական աղոթքի կոչին և որ ժամանակն է եկել ազգովի ապաշխարելու։ Ըստ մասնակիցների՝ աղոթելու համար բոլոր ժամերն էլ հարմար են, բայց այսօրվա աղոթքը միասնության, խաղաղության խորհրդանիշ է։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և քրիստոնյա հայ ազգը հավատում է աղոթքի, և հատկապես, միասնական աղոթքի ուժին՝ «Այն ինչը հնարավոր չէ մարդկանց համար, հնարավոր է Աստծու համար»:
hy.armradio.am