2020-ին` 800, 2021-ին՝ 350 սփյուռքահայ Հայաստանի պետական կառավարման համակարգում ներգրավվելու, 1 տարով որևէ գերատեսչությունում աշխատելու ցանկություն է հայտնել։ Տվյալները Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի իրականացրած «իԳործ» ծրագրից են։

Գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ, «իԳործ» ծրագրի ղեկավար Հերմինե Հարությունյանին լսենք․

«Նպատակը մասնագիտական հայրենադարձումն է, որ ծրագրի ավարտին մասնակիցների որոշ մասը որոշում կայացնի իրենց կյանքն ու աշխատանքը շարունակել հայրենիքում։ Մեր առջև դրված նպատակը մենք գերակատարել ենք, որովհետև առաջին տարվա շրջանավարտների կեսից ավելին՝ 70 տոկոսը, հայրենադարձվելու որոշում է կայացրել, որոշել են մնալ երկրում և շարունակել իրենց աշխատանքը»։

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով իԳործականներին, շեշտել էր, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում Սփյուռքի ներուժի օգտագործումը կարևոր է և փոխադարձ օգտակար․

«Հույս ունեմ, որ այս գործընթացը կշարունակենք, որովհետև նաև ուզում ենք, որ Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի պետական կառավարման համակարգ և մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում լինի ավելի ու ավելի շոշափելի, ավելի նյութական: Մենք ցանկանում ենք նաև, որ Սփյուռքի մեր հարգելի ներկայացուցիչները խնդիրները տեսնեն ներսից, դրանց գնահատմանը մասնակցեն և նաև կոնկրետ լուծումներ առաջարկեն, որոնք, գուցե թե, սովորական ամենօրյա հայացքը չի նկատում»։

Ծրագրի երրորդ փուլի հայտերի ընդունումն ընթացքի մեջ է, գրասենյակում ամփոփում են նախորդ տարիներին գրանցած արդյունեքները՝ 2020-ին ծրագրին մասնակցած 52 սփյուռքահայերից 16-ը աշխատանքը շարունակելու առաջարկ են ստացել։ Կան նաև այնպիսիք, որոնք արդեն պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում։

Հերմինե Հարությունյանը պատմում է․

«Տարվա ընթացքում Սփյուռքի ներկայացուցիչներն իրենց էնպես են դրսևորել, որ ծրագրի ավարտին նրանցից ոմանք ստացել են այդ բարձր պաշտոնները զբաղեցնելու առաջարկը։ Այս պահին մենք ունենք էկոնոմիկայի նախարարի տեղակալ, որն «իԳործ» ծրագրի շրջանավարտ է, ունենք տուրիզմի կոմիտեի նախագահ։ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի ղեկավարը ևս ծրագրի շրջանավարտ է»։

«Ես եկել եմ Հայաստան, վերադարձել եմ իմ հայրենիք, որ աշխատեմ, փոքր ձևով կարողանամ օգտակար լինել։ 3.5 ամիս աշխատել եմ որպես իգործական, արել եմ ամեն ինչ իմ ուժերի մեջ, որ կարողանամ Զբոսաշրջության կոմիտեն առաջ տանեմ, ու շատ ուրախ եմ, որ նշանակվել եմ Կոմիտեի նախագահ»,- ասում է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը։

Որքան էլ բոլոր կողմերը՝ պետությունը, սփյուռքահայերը, Սյուռքի հանձնակատարի գրասենյակը շահագրգռված են հայրենակիցների՝ պետական կառավարման համակարգում ներգրավելու հարցում, մարտահրավերներից խուսափել չի հաջողվում։ Սփյուռքահայերի հետ ամենաշատն աշխատողները հավաքագրել են խնդիրները, որոնք խոչընդոտում են աշխահասփյուռ մասնագիտական ներուժը Հայաստան բերելու հարցում։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյան․

«Օրենսդրական առումով այն խոչընդոտները, որոնք մենք տեսնում ենք, սովորաբար, քաղաքական բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու հետ կապված խոչընդոտներն են։ Օրինակ՝ սփյուռքահայ մեր հայրենակիցները, ովքեր երկքաղաքացի են կամ չունեն ՀՀ քաղաքացիություն, չեն կարող ընտրվել ԱԺ պատգամավորներ, չեն կարող զբաղեցնել նախարարական պաշտոններ, քաղաքական բարձրագույն պաշտոններ»։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նախորդ տարի զեկույց է ներկայացրել, որում մանրամասն անդրադարձել է խնդրի էությունը։ Սակայն խնդիրը միայն օրենսդրական չէ։ Խանգարող  գլխավոր հանգամանքներից մեկն էլ ցածր աշխատավարձն է։ Խնդիրները ներկայացնում է Հերմինե Հարությունյանը․

«Հիմնական մարտահրավերն այն է, որ մասնակիցների գերակշիռ մասը ունեն աշխատանքային փորձ մասնավոր սեկտորում և գալով Հայաստան, աշխատելով պետական կառավարման համակարգում, առնչվելով բյուրոկրատական համակարգի հետ՝ ունենում են որոշակի բարդություններ և խնդիրներ։ Եվ, իհարկե, ինտեգրման պրոցեսը այնքան էլ հեշտ չի անցնում, առնվազն առաջին 2-3 ամիսը ինտեգրման տարբեր տեսակի խնդիրներ ու հարցեր են ունենում, մշակութային շոկ են ունենում կենցաղային հարցերում, ինչպես նաև աշխատավայրում»։

Սփյուռքահայերի՝ Հայաստան վերադառնալու և պետական համակարգում ներգրավվելու հիմնական շարժառիթը օգտակար լինելու ցանկությունն ու դրսի գիտելիքն ու հմտությունը ներս՝ հայրենիք բերելն է։ Պետական համակարգը նոր մոտեցումներով և կայուն գիտելիքներով զինված մարդկանց կարիք  ունի, բայց բացառված չէ, որ խնդիրները ժամանակին չլուծելը խոչընդոտի Սփյուռքի մասնագիտական ներուժը ի նպաստ հայրենիքի օգտագործելուն։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն