Լքված կարի ֆաբրիկան կվերածվի բիզնեսի, համայնքային ծառայությունների համար նորարարական տարածքի
Այսօր Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ներկա է եղել «Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Դիլիջանում։
Ծրագիրը նպատակ ունի խթանել բիզնեսի զարգացումը և նպաստել Դիլիջանի համախմբված համայնքում աշխատատեղերի ստեղծմանը` ներդրումներ կատարելով կոշտ և փափուկ ենթակառուցվածքներում. խորհրդային ժամանակներից լքված կարի ֆաբրիկայի հատվածը կվերածվի բիզնեսի, ձեռնարկատերերի և համայնքային ծառայությունների համար նորարարական տարածքի:
Դիլիջանի համայնքապետարանի կողմից, IDEA հիմնադրամի, Զբոսաշրջության և ուրբանիզմի հիմնադրամի և Դիլիջան համայնքային կենտրոնի հետ համատեղ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (1 մլն եվրո) և «IDEA» բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ:
«Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանի տեղական և մարզային իշխանություններին՝ հավատացած լինելով, որ տեղական դերակատարները կարևորագույն դեր ունեն համայնքային մակարդակում զարգացում և տնտեսական աճ ապահովելու գործում։ Մենք լիահույս ենք, որ վերագործարկվող Կարի ֆաբրիկան՝ որպես եզակի բազմաֆունկցիոնալ տարածք կխթանի տնտեսական գործունեությունն ինչպես Դիլիջանում, այնպես էլ Տավուշի մարզի ողջ տարածքում՝ հնարավորություն ընձեռելով մարզային փոքր և միջին բիզնեսների ինկուբացիայի և ակսելեռացիայի համար, ինչպես նաև վերջիններիս հասու դարձնելով անհրաժեշտ խորհրդատվական և աջակցության ծառայություններ» — իր ելույթում ընդգծեց դեսպան Վիկտորինը։