Եռուն բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր ու նորաբաց մանկապարտեզ. Վաղուհասի առօրյան ու խնդիրները
Շրջկենտրոն Մարտակերտից 52 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վաղուհաս համայնքի բնակչության մեծ մասն ապահովված է աշխատանքով, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վաղուհասի համայնքապետ Հովհաննես Պետրոսյանը՝ հավելելով, որ գյուղն այժմ 709 բնակիչ ունի, տեղահանված ընտանիքները 11-ն են:
«Բնակիչները հիմնականում աշխատում են հանքարդյունաբերության ոլորտում՝ «Վալլեքս Գրուպ»-ում, համայնքում, դպրոցում և նորաբաց մանկապարտեզում, մի մասն էլ զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ»,- նշել է Հ. Պետրոսյանը և մանրամասնել, որ պատերազմից հետո գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը համայնքում նվազել է:

Անդրադառնալով Վաղուհասում նորաբաց մանկապարտեզի կարևորությանը` համայնքապետը նախ նշում է, որ իրականացել է գյուղի նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողների երազանքը: Վաղուհասի՝ օրերս գործունեությունը սկսած մանկապարտեզ է հաճախում 53 երեխա: Նա ընդգծում է, որ մանկապարտեզը թեթևացրել է այս կամ այն աշխատանքով զբաղված ծնողների հոգսը: Բացի այդ, հավելյալ 13 աշխատատեղ է ստեղծվել համայնքում:
«Ծրագիր էինք ներկայացրել բարեգործական հիմնադրամներից մեկին, որ գյուղի երեխաների համար խաղահրապարակի անհրաժեշտություն ունենք: Արդյունքում համապատասխան աջակցություն է ցուցաբերվել և խաղահրապարակը կառուցել ենք»,-ասում է համայնքի ղեկավարը՝ ներկայացնելով Վաղուհասում ընթացող բարեկարգման և շինարարական աշխատանքները:

Նրա խոսքով՝ նաև հանուն հայրենիքի նահատակվածների հուշարձանն են վերակառուցում: «Եռուն բնակարանաշինական աշխատանքներ են ընթանում նաև օկուպացված բնակավայրերից տեղահանված և մեր գյուղում բնակվող ընտանիքների և բազմազավակների համար: Ունենք 14 բազմազավակ ընտանիք, որոնց համար բնակարաններ պետք է կառուցվեն: Փաստաթղթային աշխատանքներն ավարտել ենք, պետք է սկսենք տների կառուցման աշխատանքները»,- ասել է համայնքապետը:
Գյուղում մասամբ լուծվել են ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները: Կարևորագույնը, սակայն, որը դեռ լուծման է սպասում, ոռոգման ջրի խնդիրն է :



















