Առևտրատնտեսական ոլորտում համագործակցություն՝ Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև
ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև երկխոսության կարևորագույն ուղղություններից է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացումը և նոր նախաձեռնություններով համալրելու անհրաժեշտությունը։
Այդ նպատակով նահանգապետի առաջին տեղակալ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ Արխանգելսկի մարզի պատվիրակության այցի շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես-հյուրասիրություն, որտեղ ներկայացված էին մարզի՝ արտահանման պոտենցիալ ունեցող մի շարք ընկերությունների արտադրությունը, ինչպիսիք են՝ Գետափի գինու գործարանը («Վեդի Ալկո»), Frunze Estate Winery, Արենի գինու գործարանը, «Արենի Վայն», «Գոլդեն Գոութ», «Կոստանյան» բնական հյութերի, «Փունջ» պահածոների, «Մեգա Արարատ» թեյերի և այլ ընկերություններ։
Հյուրերն այցելել են նաև Ջերմուկ քաղաքի այցեքարտը հանդիսացող հանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերություն: Հանքային ջրի գործարանում նրանք ծանոթացել են ընկերության պատմությանը, արտադրության և արտահանման ներուժին, ինչպես նաև շշալցման գործընթացին, որն իրականացվում է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։
Այցի ընթացքում գործընկեր Արխանգելսկի մարզից ժամանած պատվիրակությունը համտեսել է նաև Ջերմուկի բուժիչ հանքային ջուրը՝ այցելելով ըմպելասրահ։ Հյուրերին ներկայացվել է բնական հանքային ջրի բուժիչ հատկություններն ու բաղադրությունը, որի շնորհիվ Ջերմուկը հայտնի է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև միջազգային հարթակում: