Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեկը հայտնել է, որ երկրում գազի պաշարների հետ կապված իրավիճակը լարված է և լուրջ, հաղորդում է Интерфакс գործակալությունը։ Նա կոչ է արել խնայել գազը և էլեկտրակայանների աշխատանքն ապահովելու համար ընդլայնել ածխի օգտագործումը։

Ըստ Ռոբերտ Հաբեկի՝ ձմռան համար գազի պաշարները պետք է լինեն առնվազն 90 տոկոս, սակայն այս պահին գազի պահեստարանները լցված են միայն 57 տոկոսով։ Նա նշել է, որ պակասը հարկավոր է լրացնել ամռան ընթացքում գնումների և խնայողության միջոցով։

Հաբեկը նաև ասել է, որ Ռուսաստանը նախկինի պես «կրճատում է գազի մատակարարումը Եվրոպա, այդ թվում՝ որպեսզի բարձրացնի գինը»։ Նա հավելել է, որ Գերմանիան պատրաստվում էր նման սցենարի։

Հիշեցնենք՝ հունիսի սկզբին Եվրամիության երկրները համաձայնության եկան գրեթե ամբողջությամբ դադարեցնել ռուսական նավթի ներկրումը։ Բացի այդ, ԵՄ երկրները հայտնել են, որ պատրաստ են մինչև այս տարվա վերջ կրճատել ռուսական գազի սպառումը երկու երրորդով՝ չնայած ռուսական էներգառեսուրսներից Եվրոպայի մեծ կախվածությանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն