Հանդիպել են Վալանսի և Իջևանի համայնքապետերը
Ֆրանսիայի Լիոն քաղաքում մեկնարկած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին Իջևանը ներկայացնում են համայնքապետ Արթուր Ճաղարյանը և առաջին տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը:
Նախքան համաժողովի մեկնարկը, տեղի է ունեցել հանդիպում՝ Վալանսի համայնքապետ Նիկոլաս Դարագոնի հետ։ Վալանսի և Իջևանի միջև արդեն շուրջ 25 տարի ձևավորվել են համագործակցության լավ ավանդույթներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արդեն իսկ կայացած հարաբերությունների պահպանմանը և խորացմանը միտված հարցեր։
Ողջունելով հյուրերին՝ Նիկոլաս Դարագոնը ափսոսանք է հայտնել, որ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով ավելի քան երկու տարի չեն եղել փոխադարձ այցելություններ և հույս հայտնել, որ մոտ ապագայում կհանդիպեն Իջևանում։
Գումարվող երկօրյա նիստերի ու սեմինարների շրջանակում քննարկումներ են ծավալվում «խելացի և կայուն» քաղաքների զարգացման, զբոսաշրջության խթանման ու քաղաքային տնտեսության այլ հարցերի շուրջ, ինչպես նաև կնախանշվեն ապակենտրոնացված համագործակցության գերակա ուղղությունները: Երևանյան պատվիրակության անդամները կմասնակցեն «Խելացի և կայուն քաղաքներ» աշխատախմբի կլոր սեղան-քննարկմանը: