Տեղի է ունեցել հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում մասնակցել են հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը: Արարողությանը ներկա են եղել նաև երկու երկրների կառավարության անդամները, մասնավորապես հայկական կողմից` փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և այլք:
Վարչապետ Փաշինյանն իր ելույթում ասել է, որ առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթյուններին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ:
Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունները, ըստ Փաշինյանի, ունեն առավել մեծ ներուժ, և այդ ներուժը պետք է կարողանալ օգտագործել: