«Սուրմալուի» պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով անհետաձգելի գործողություններ են կատարվում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է․

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի ու մեծածավալ գործողություններ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահի դրությամբ գրանցվել են 7 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր:

Ստացված տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով վնասվել են նաև առևտրի կենտրոնի տարածքում գտնվող տաղավարներ, ինչպես նաև՝ հարակից շինություններ և կայանված ավտոմեքենաներ:

Այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը. հարցաքննվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Պարզվում են առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին:

Նախաքննությունը շարունակվում է»:

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, ըստ նախնական տվյալների՝ հրդեհի բռնկմամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն