Կրծքով կերակրման կարևորության մասին շատերն են լսել, սակայն այնուամենայնիվ շատ կանայք խուսափում են ԿԿ-ից՝ նախապատվությունը տալով արհեստական խառնուրդներին։ Մասնագետները հաճախ են շեշտում, որ մայրական կաթը լավագույն սնունդն է երեխայի համար կյանքի առաջին ամիսներին, մինչդեռ ոչ բոլորին է հայտնի թե ինչու է նորածնի համար առողջարար համարվում բացառապես մայրական կաթը։

Մասնագետները ներկայացրել են կրծքով կերակրման հիմնական առավելություններն ու նշել 9 պատճառ կրծքով կերակրումից չհրաժարվելու համար։

  • Առաջին հերթին մասնագետները շեշտում են, որ մայրական կաթը պարունակում է երեխային անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը, որոնք նպաստում են փոքրիկի ճիշտ աճին ու զարգացմանը կյանքի առաջին ամիսների ընթացքում։
  • Բացի այդ, մայրական կաթը երեխայի համար վիտամինների ու էներգիայի ամենաանվնաս բնական աղբյուրն է, քանի որ չի պարունակում հավելումներ ու վնասակար տարրեր։ Բացառություն է կազմում միայն մոր մոտ որոշակի հիվանդությունների առկայությունը, որոնց դեպքում կրծքով կերակրելն արգելվում է։
  • Մայրական կաթը սննդի ու հեղուկի լավագույն ու առհասարակ միակ աղբյուրն է երեխայի համար կյանքի առաջին 6 ամսվա ընթացքում։
  • Երեխայի 6 ամսականից մինչև 1 տարեկանը լրանալը այն շարունակում է տալ նրա օրգանիզմին անհրաժեշտ սննդարար նյութերի առնվազն կեսը, սակայն անգամ երեխայի մեկ տարեկանը լրանալուց հետո շարունակում է համարվել առողջարար։
  • Մայրական կաթը պաշտպանում է երեխաներին ինֆեկցիոն հիվանդություններից, մասնավորապես՝ աղիքային վարակներից, որոնք շատ վտանգավոր են մինչև մեկ տարեկան երեխաների համար։
  • Անգամ վարակիչ հիվանդություններով հիվանդնալու դեպքում այն նպաստում է փոքրիկի արագ ապաքինմանը։
  • Մայրական կաթն ապահովում է երեխայի հետագա ամուր իմունիտետն ու օրգանիզմի բարձր դիմադրողականությունը։
  • Բացի այդ, այն դրական ազդեցություն է ունենում երեխայի ընդհանուր, այդ թվում նաև մտավոր զարգացման վրա։
  • Կրծքով կերակրումը ենթադրում է մոր և մանկան սերտ շփում, ինչն էլ երեխային անվտանգության զգացում է պարգևում։

Կրծքով կերակրումը շատ կարևոր է երեխայի համար, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ որոշ դեպքերում այն կարող է հակացուցված լինել մոր մոտ առկա որոշակի հիվանդությունների պատճառով։ Բացի այդ, լինում են դեպքեր, երբ ինչ-ինչ պատճառներով պարզապես չի հաջողվում կարգավորել կրծքով կերակրման ռեժիմը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս պարզապես ընդունել այդ փաստն ու փնտրել կերակրման այլընտրանքային տարբերակներ։

Նյութի աղբյուրը՝ hronika.info


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն