Ինչո՞ւ չի հաջողվում համաձայնության գալ ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման հարցում
Սոչիում հոկտեմբերի 31-ին ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն Արցախում անվտանգության ապահովման գործում, ընդգծվում է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ռուսական խաղաղապահ առաքելության ջանքերի պահանջվածությունը, սակայն չի խոսվում առաքելության ժամկետի երկարացման մասին։ Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` ռուս խաղաղապահների ապագան Արցախում կախված է խաղաղության պայմանագրից և սահմանազատման գործընթացից։ Ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատի երկարաձգման մասին նոյեմբերի 2-ին խոսել էր նաև ՀՀ վարչապետը, որոշ մանրամասներ ներկայացնելով եռակողմ բանակցություններից։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խաղաղապահների մանդատը երկարաձգելու իր առաջարկը չի ընդունվել։
Ինչո՞ւ արցախյան հարցի լուծման կողմերին այս փուլում չի հաջողվում համաձայնության գալ խաղաղապահ առաքելության հարցում, և արդյոք ռուսական զորակազմին կա՞ այլընտրանք։
Միջազգային հարաբերությունները գործում են շահի և ուժի հիման վրա, Արևմուտքը Հարավային Կովկասում որևէ շահ չունի և պատրաստ չէ իր ռազմական ուժը օգտագործել հայերին պաշտպանելու համար` կարծում է քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը` շեշտելով` Ռուանդայում որևէ ուժ չկարողացավ կանխել կամ կանգնեցնել ցեղասպանությունը։
«ՄԵնք չենք սովորում և դասեր չենք առնում պատմությունից։ Այսօր կրկնվում է հարյուր տարվա վաղեմությամբ տեղի ունեցածը։ Եթե արևմտամետ ուժերը փորձում են Հարավային Կովկասի լուսանցքում թողնել ռուսական գործոնը, ապա պետք է այլընտրանք առաջարկեն, ինչը տեղի չի ունենում։Միջազգային խաղաղապահ ուժերը արբիտրի դերում են լինելու` մի քանի ինքնաձիգով, թեթև զինված և անպայման հեռախոսի առկայությամբ, որպեսզի հայերի վրա հարձակման հերթական միջադեպի ժամանակ զեկուցեն Արևմուտքին, որտեղից էլ կարձագանքեն դատապարտող և կողմերին ուղղված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կոչերով։ Նրանք խուսափում են պատասխանից։
Մեզ դարձյալ կերակրում են գեղեցիկ խոստումներով։ Եթե ԱՄՆ ցանկանար ապահովել հայերի անվտանգությունը, ապա հարյուրից ավելի ամերիկյան ռազմաբազաներից մեկը կլիներ մեր հարևանությամբ»,- ասում է «ՌԱդիոլուր»-ի զրուցակիցը։



















