Երևանում նոյեմբերի 8-11-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագիրը:

Ծրագրին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդ առաջնորդներ (շուրջ 25 մասնակից)։

Ծրագրի մասնակիցներն այսօր այցելել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ծանոթանալու պետական երիտասարդական  քաղաքականությանը:

Նրանց հետ հանդիպմանը ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը  ներկայացրել է երիտասարդության ոլորտում պետության աջակցությամբ իրականացվող հիմնական ծրագրերը:

Նա նշել է, որ պետությունն ամեն ինչ անում է երիտասարդների ինքնիրացման համար նոր հնարավորություններ ստեղծելու, նրանց կարողությունները զարգացնելու նպատակով. «Մեր նպատակն է երիտասարդների շրջանում ձևավորել գրագետ հասարակություն, որը կծառայի նաև պետության զարգացմանը»:

Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ երիտասարդության մասին օրենքի նախագծի մշակման նպատակով  իրականացվում է այլ երկրների փորձի ուսումնասիրություն:

Քննարկման ընթացքում կարևորվել են հատկապես մարզերում իրականացվող ծրագրերը՝ երիտասարդների զբաղվածության ապահովման, կրթության իրավունքի իրացման առաջնահերթությունների շեշտադրմամբ: 

Հյուրերը բարձրաձայնել են երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ակնկալվող արդյունքներին  և ընձեռած հնարավորություններին: 

ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման  ծրագրի մասնակիցներն այցելելու են նաև  Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական կենտրոններ, ծանոթանալու են երիտասարդական աշխատանքներին Երևանում և մարզերում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է այց Հայաստանի 2022 թ. երիտասարդական մայրաքաղաք Հրազդան:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն