Պայմանագրային բանակից՝ սեփական զենքի արտադրություն․ ՀՀ ԶՈՒ բարեփոխումները արագացվում են
ԱԺ հերթական լիագումար նիստում քննարկվելու է ԶՈՒ–րի ռեֆորմի անկյունաքարային փոփոխություններից մեկը, որը դառնալու է ապագա պրոֆեսիոնալ բանակի հիմքը։ ։ «Ես եմ» ծրագրի փոխարեն շրջանառության մեջ է դրվում «Պաշտպան հայրենյացը» ։
Եթե նախկինում ոլորտի մասնագետները հայկական բանակի արագ վերափոխումը իրական չէին համարում, ապա այսօր արդեն նշում են, որ օրենսդրական անհրաժեշտ բոլոր հիմքերը ստեղծված են և այդ ծրագրերով նախանշված բանակը արդեն հնարավոր է կյանքի կոչել։
«Պաշտպան հայրենյաց»–ը կդառնա հայկական պայմանագրային բանակի ողնաշարը։ Ընդ որում՝ խնդիր է դրված «երիտասարդացնել» պայմանագրային զինծառայողների տարիքը․ 18–25 տարեկանը լավագույն շեմն է համարվում։ Աժ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը վկայակոչում է կայացած պայմանագրային բանակների փորձը։
«Հաջողել են այն պետությունները, որտեղ պետությունը կարողացել է տարբեր գրավչությունների, հրապուրանքի՝ կրթական, սոցիալական և այլ միջոցներով հասնի նրան, որ պայմանագրայինների մեծամասնությունը՝ ոչ հատուկ զորքերի պայմանագրայինների մասին է խոսքը, համազորային ստորաբաժանումների պայմանագրային դարձել են 18–25 տարեկան տարիքում։ Որպես կանոն, պայմանագրային ուժեղ զինծառայություն ունեցող պետություններում 35 տարեկանից հետո պայմանագրայինները անցնում են այլ ծառայության, մասնավորապես՝ ինստրուկտորների ինստիտուն են համալրում»։
Բացի տեսությունից, պայմանագրային զինծառայողի տարիքային շեմի «երիտասարդացման» օգտին խոսում է նաև ռազմական գործողությունների փորձը։ Բայց նախագծով չի առաջարկվում, որ անվանումը փոխելով 18 տարեկանները կրկին կանգնեն առաջնագծում։ Խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը վստահեցնում է, որ այլ լուծումներ են տրվելու․
«18 տարեկանը առաջնագծում չի կանգնելու, իր ծառայության վայր չի մեկնելու մինչև 6 ամիս ուսումնական զորամասում ծառայություն չիրականացնի։ այսինքն՝ մինչև չդառնա զինվորական, ամբողջությամբ չտիրապետի ռազմարվեստին այն չափով, որքանով որ պետք է, նա ծառայություն չի իրականացնի։ 6 ամիս հետո կա՛մ կծառայի ինչ–որ այլ զորամասում, կա՛մ կանցի պայմանագրային ծառայության։ Գաղտնիք չէ, որ մարտական գործողություններում ամենամեծ արդյունքը ցույց են տալիս այս տարիքի անձինք»։
Որպեսզի 18 տարեկան երիտասարդը զորակոչվելուց 6 ամիս անց ցանկություն ունենա պայմանագրային զինծառայության պայմանագիր կնքել, պահանջվող գրավչությունը սահմանվել է մի շարք տարբեր փոփոխություններով և նոր օրենքներով։ Դրանցից են, օրինակ՝ բնակարանով անհատույց ապահովելու կամ ատեստավորման ծրագրերը։ Փաթեթային փոփոխությունների հեղինակները ասում են, որ խաղաղ պայմաններում պայմանագրային զինծառայողները կստանան նվազագույնը 315 հազար դրամ։ Սա «մաքուր» աշխատավարձն է՝ պետական պահումներից հետո։ Աշխատավարձը կրկնակի կաճի՝ կախված մարտական ծառայություններից և այլ հանգամանքներից։
Արմեն Խաչատրյանը օբյեկտիվ պատճառներ է առանձնցնում, թե ինչու է պայմանագրային ծառայության գործող կարգը անարդյունավետ․
«Մենք պայմանագրայիններ ունենք 50–60 տարեկան։ Գաղտնիք չէ, որ այսօրվա պայմանագրայինները՝ ստանալով շատ ցածր աշխատավարձ, իրենց ազատ ժամերին զբաղվում են նաև շատ այլ աշխատանքներով՝ տաքսի են վարում, ֆերմերությամբ են զբաղվում և այլն։ Այսինքն՝ նրանք պրոֆեսիոնալ զինվորական չեն, զինվորականությունը նրանց համար երկրորդական ինչ–որ աշխատանավրձ ստանալու միջոց է։ Բոլորի համար չեմ ասում, բայց հիմնականում սա կա»։
Այս շաբաթ խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունների և լրացումների նախագիծը։ Պաշտպանության նախարարության առաջարկած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրայինին անցնելու նոր համակարգ է ենթադրում։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան․
«Պարտադիր զինվորական ծառայության» առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար պատվովճար սահմանելու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է»։
Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման: Դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը:
«Միաժամանակ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը»։
Եթե զինծառայողը առողջական խնդիրների պատճառով է դադարեցնում 5 ամյա ծառայությունը, ապա 5 միլիոն միանվագ վճարումը կատարվելու է։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով նախատեսվում է դադարեցնել ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը։ Այն դադարեցվում է, քանի որ ներկայումս այդ ծրագրով ծառայությունը շարունակում է ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին:
Այս փոփոխությունը պրոֆեսիոնալ բանակի անցնելու համար անկյունաքարային է համարվում, բայց խորհրդարանի ճյուղային հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ սա դեռ ամենը չէ․
«Բացի հիմնական փաթեթից նաև ենթափաթեթներ են ձևավորվում կապված թե՛ աշխարհազորի հետ, սրանից առաջ՝ փաթեթից դուրս, «Զենքի մասին» օրենք ենք քննարկել և ընդունել։ Դրանք բոլորը մեր անվտանգային համակարգի էլեմենտներ են։ Ամբողջական ռեսուրսի կառավարման ամբողջական փաթեթն է ձևավորվում։ Այսինքն՝ գալու է մի պահ, երբեք չլինի այնպիսի դեպք, որ որևէ մեկը չիմանա իր անելիքը ինչ–որ իրավիճակին համապատասխան»։



















