ՀՀ-ում 2023-ից ներդրվում է համընդհանուր հայտարարագրման համակարգը
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող նախագիծը:
Նախագծով առաջարկվում է 2023 թվականից սկսած, 3 հաջորդ տարիների ընթացքում ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների Համընդհանուր հայտարարագրման համակարգ.
«Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից: Նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ, գործատուի կողմից հաշբվարկված եկամուտների եւ դրանցից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը, կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած տեղեկությունները: Յուրաքանչյուր անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: Այդ համակարգում անձը գտնելու է իր համար լրացված նախահայտարարագիրը, ստուգելու է այն, անհրաժեշտության դեպքում կատարելու է փոփոխություններ եւ հաստատելու է վերջնական տարբերակը: Հայտարարագիրը պետք է հաստատվի մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 20-ը»,-ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջին տարվա համար հայտարարատու պետք է համարվեն այն քաղաքացիները, որոնք զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ, նաեւ այն քաղաքացիները, որոնք բաժնետեր են մի կազմակերպությունում, որի շրջանառությունը 2022-ի արդյունքներով գերազանցել են 1 մլրդ դրամը, նաեւ այն քաղաքացիները, որոնք 2023-ին ստացած կլինեն 20 մլն դրամ եւ ավելի փոխառություններ ու վարկեր:
Հաջորդը այն քաղաքացիներն են, որոնք 2023-ի դրությամբ հանդիսանում են մեր հիփոթեքային վարկի սպասարկման գծով եկամտային հարկի փոխատուցումներ ստացող քաղաքացիներ, եւ վերջին խումբը արտերկրից եկամուտներ ստացողներն են:
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հայտարարագիր չներկայացնելու դեպքում նախատեսվում է պատասխանատվություն. «Մենք նախատեսել ենք, որ 20-300 հազար դրամ պետք է լինի տուգանքը: ԱԺ-ում էլ կքննարկենք, եթե գտնենք, որ ավելի նպատակահարմար է, որ առաջին տարիներին ավելի մեղմ պատասխանատվության միջոցներից սկսել, կարող ենք փոփոխել»,-ասաց նա:
Նախագիծը ԱԺ-ում կքննարկվի արագացված ընթացակարգով:



















