Վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների ակտիվացումն ու դրան զուգահեռ ապատեղեկատվության տարածումը որոշակի եզրակացությունների հիմք են տալիս փորձագետներին։ Նրանցից ոմանք հիշում են, որ Բաքվի նման գործելաոճը նկատելի էր նաև 44-օրյա պատերազմից առաջ։ Իրավիճակով մտահոգված՝ հայտարարություն է տարածել Հայաստանի արտգործնախարարությունը՝ կոչ անելով ռուս խաղաղապահներին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և ներկայացնել իրադրությունը։

Հունիսի 13-ին ժամը 11:30-11:45-ը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, Սոթքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են նաև ականանետ: Հայկական կողմում տուժածներ չկան: Սա Հայաստանի Հանրապետության ՊՆ վերջին հաղորդագրություններից մեկն է։

Նախարարությունը նման տեղեկություններ վերջին շրջանում հաճախ է հրապարակում, անգամ՝ օրական երկու անգամ։ Սրան զուգահեռ, ադրբեջանական կողմը, նույն ինտենսիվությամբ, ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական կողմն է խախտում հրադադարը։

Միայն հունիսի մեկից մինչև տասներեքը Հայաստանի ու Արցախի Պաշտպանական գերատեսչությունները 17 անգամ հաղորդել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների ու ապատեղեկատվության տարածման մասին։ Իսկ մայիսի 13-31-ը միայն ՀՀ ՊՆ–ը 9 նման հաղորդագրություն էր տարածել։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով Բաքվի տարածած ապատեղեկատվությունը նպատակ ունի արդարացնել իր կողմից հնարավոր ռազմական գործողությունները և միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանի Հանրապետությունը անվտանգության խնդիրներ ունի և, որ կարիք չկա ներդրումներ անել Հայաստանում։ Ընդ որում՝ Արցախի ու Հայաստանի ուղղություններով նպատակները, ըստ փորձագետի, տարբեր են․

«Արցախի դեպքում փորձում են հող նախապատրաստել, այսպես ասած, «հակաահաբեկչական գործողությունների» համար։ Դա իրենց հեռահար պլանների մեջ է մտնում։ Հայաստանի Հանրապետության դեպքում իրենք փորձում են լեգիտիմացնել բնակավայրերի կամ ենթակառուցվածքների վրա հնարավոր հարձակումը»։

Ստեղծված իրավիճակով մտահոգված, հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ը, որում նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ–ը գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ: Ընդ որում՝ ռուս խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի խախտումներ միայն ադրբեջանական կողմից:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հաշվի առնելով ավանդական դարձած ադրբեջանական գործելաոճը, առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանը, չնայած իր իսկ ստանձնած պարտավորություններին, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողություններ և էթնիկ զտումներ իրականացնելու համար: ԱԳՆ–ը կոչ է անում խաղաղապահներին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը և հանրայնորեն ներկայացնել իրադրությունը:

Ընդ որում՝ հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի ՊՆ–ը։ Բաքվի ձևակերպմամբ՝ «ազատագրված տարածքներում ծառայող զինծառայողները պատրաստ են կանխելու հնարավոր ցանկացած սադրանք»։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Բաքվի սպառնալից տոնն ու Հայաստանի կոչը ռուս խաղաղապահներին այսպես է մեկնաբանում․

«Դա նշանակում է, որ ռուս խաղաղապահները կամ ՌԴ–ն համարվում է կարևոր դերակատար տարածաշրջանում և կարող է զսպել հնարավոր ռազմական ագրեսիան։ Մենք հասել ենք մի այնպիսի հանգրվանի, որ կարելի է ասել, որ ռազմական գործողությունների հավանականությունը ավելի մեծ է, և Ադրբեջանը այս փուլում պարզապես դիտարկում է, թե որ պահն է ավելի հարմար, որ սկսի»։

Ըստ փորձագետի, Բաքվի նմանա հայտարարությունները, որպես կանոն նախորդում են ռազմական ակտիվ գործողություններին՝ կլինեն դրանք լայնածավալ, թե լոկալ բախումներ, էական չէ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն