Իրանի վերջին հրթիռակոծությունը նախորդներից ավելի հզոր էր, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները։ Առավոտյան հարձակման ժամանակ Իրանն արձակել է 20 հրթիռ, օդային տագնապն ազդարարվել է ժամը 7։00-ին։

Ըստ Իսրայելի բժշկական ազգային ծառայության տվյալների՝ հրթիռակոծությունից տուժել է 65 մարդ։ Հրթիռներից մեկն ընկել է Բաեր Շեւեի հիվանդանոցի վրա։ Բաեր Շեւեի վրա հարվածից տուժել է 30 մարդ։ Հզոր պայթյուններ են լսվել իսրայելական մի քանի քաղաքներում։ Jerusalem Post-ը հայտնում է, որ արձանագրվել է առնվազն եւս երկու վայրերում հրթիռներ ընկնելու փաստը։

Իսկ գիշերը իսրայելական օդուժն է հարվածել Իրանին։ Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ ռմբակոծել են նաեւ Արաքի ու Նաթանզի միջուկային օբյեկտները։

Վաշինգտոնում տեղակայված Human Rights Activists կազմակերպության տվյալներով՝ իսրայելական հարվածից Իրանում զոհվել է 639 մարդ, վիրավորվել է 1329-ը։

Իրավապաշտպանները զոհերի եւ վիրավորների թիվը հաշվել են՝ հենվելով Իրանում հրապարակված տեղեկությունները, եւ ստուգել դրանք սեփական աղբյուրներով։

Այս պայմաններում պատերազմի ընթացքում շատ բան կախված է ԱՄՆ-ից։ Ամերիկյան մամուլը՝ մասնավորապես Wall Street Journal-ը եւ CNN հեռուստակայանը Սպիտակ տան տվյալները վկայակոչելով հայտնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան հաստատել է Իրանի վրա ամերիկյան հարձակումը՝ միաժամանակ որոշելով սպասել՝ տեսնելով Իրանն արդյո՞ք չի հրաժարվի միջուկային ծրագրից։

Արդեն չորեքշաբթի՝ Թրամփը, պատասխանելով լրագրողների՝ ԱՄՆ-ն կհարվածի՞ Իրանին հարցին, ասել է. «Կարող է դա անեմ, կարող է նաեւ չանեմ»։

Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ը կարող է հարվածել Ֆորդոյում ուրանի հարստացման ստորգետնյա գործարանին։ Այն ավերելու համար ԱՄՆ կարող է օգտագործել գերծանր ռումբեր, որոնք տեսականորեն կարող են ճեղքել լեռնային ապարը, որի տակ էլ կառուցվել է գործարանը։ Իսրայելը նման զենք չունի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն