«2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական էսկալացիայի և բարձրացել խաղաղ կարգավորման հավանականությունը։

Նշված և ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Քիչ հավանական ենք համարում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված»,-սա հատված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցից։

Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը արդեն քանի օր է բառացի տեղեկատվական և հոգեբանական տեռորի են ենթարկում հայ հանրությանը՝ ասելով, որ եթե իրենք չլինեն իշխանության, լինելու է աղետաբեր պատերազմ սեպտեմբերին։ Ընդ որում, ամեն բառ ընտրել են թիրախային՝ «պատերազմ», «սեպտեմբեր»՝ շատ լավ իմանալով, որ իրենց իշխանության ժամանակ մենք 2020-ի սեպտեմբերին, 2022-ի սեպտեմբերին, 2023-ի սեպտեմբերին ունեցել ենք երեք պատերազմ։ Բոլոր աղետաբեր պատերազմները՝ սեպտեմբերների հետ միասին, իրականացել են իրենց իշխանության ժամանակ։

Դա էլ դեռ մի կողմ, իրենք ուղղակի առ ոչինչ են դարձնում ԱՄՆ միջնորդությունը և անձամբ Թրամփի հեղինակությունը։ Իրենք նաև չեղածի հաշիվ են սարքում իրենց ենթակա բոլոր կառույցների թվացյալ աշխատանքը, որոնք վարձատրվում են ՀՀ հարկատուների փողերով։ Իրենք ուղղակի մեկ խնդիր են լուծում՝ դարձնել ՀՀ-ն Ադրբեջանին ենթակա տարածք․ Ալիևը պետք է որոշի, թե մենք ինչ սահմաններ կունենանք, ինչ կաթողիկոս, ինչ եկեղեցի, ինչ կրոն, ինչ սահմանադրություն, ինչ արժեքներ, ինչպիսի պատմություն, ինչպիսի մտածելակերպ, ի վերջո թե մենք երբ շնչենք, երբ արտաշնչենք․ սա է «խաղաղության» ՔՊ-ական բանաձևը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ